Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանին ոստիկանների կողմից բռնության ենթարկելու գործով գանգատը։
34-ամյա Կյուրեղյանի փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը երկու տարի առաջ էին գանգատ ուղարկել ստրասբուրգյան դատարան՝ խնդրելով վճիռ կայացնել ընդդեմ Հայաստանի կառավարության՝ քաղաքացուն խոշտանգելու համար։
«Ազատության» հետ զրույցում Վարոսյանն ասաց, որ դատարանն իրենց պաշտոնապես տեղեկացրել է գանգատը վարույթ ընդունելու մասին: - «Այս վարույթ ընդունելու փուլը Եվրոպական դատարանում ամենակարևոր փուլերից մեկն է, և ամենադժվար հաղթահարելին և ես ուրախ եմ, որ Հայկ Կյուրեղյանի գործով դա մենք հաղթահարեցինք», - նշեց փաստաբանը:
Հիշեցնենք՝ «Արժեքների հեղափոխության» պահանջով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստի մեկնարկին՝ 2014-ի ամռանը, դատարանի բակում Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր այնտեղ կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել իրավապահների ուղղությամբ։ Նրա գործողությունները դատարանը համարել էր ծանր հանցագործություն՝ «խուլիգանություն» ու ոստիկանների նկատմամբ «վտանգավոր բռնություն»։
Եվրոպական դատարան ուղարկված բողոքում փաստաբանները պնդել են, որ Կյուրեղյանին ոստիկանական բաժանմունք տեղափոխելիս ոստիկանները բռնություն են գործադրել նրա նկատմամբ, ինչը շարունակել են բաժանմունքում, նշել են նաև, որ վնասվածքների մասին տեղեկություններն արձանագրվել են:
Փաստաբանները դիմումում նշել են, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը՝ ըստ որի՝ «ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»: Կյուրեղյանի փաստաբանները գումարի չափ իրենց բողոքում դեռևս չեն նշել։ Այն կներկայացնեն հետագայում։
«Պրակտիկան ցույց է տալիս, որ հիմնականում վարույթ ընդունված գործերում արդեն իսկ Եվրոպական դատարանը խախտման որոշակի հատկանիշներ տեսնում է, որ վարույթ է ընդունում: Մեր պարագայում, կարծում եմ, ակնհայտ է եղել գործը քննողների համար, որ խախտում կա և՛ կիրառված բռնության տեսքով, և՛ ոչ արդյունավետ իրականացված քննության տեսքով», - մանրամասնեց Երվանդ Վարոսյանը:
Վարոսյանը հիշեցնում է՝ Կյուրեղյանի նկատմամբ բռնության գործով Հատուկ քննչական ծառայությունը նաև քրեական գործ էր հարուցել, հարցաքննել ոստիկաններին, բայց նրա մատնանշած 5-6 ոստիկաններից որևէ մեկի գործողության մեջ հանցակազմ չէր գտել։ Գործը կարճվել էր այն հիմքով, որ ոստիկանները իրավաչափ ուժ են գործադրել նրա նկատմամբ ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ժամանակ։ Կյուրեղյանի փաստաբանը նշում է, որ Կառավարությունը վեց ամսվա ընթացքում պետք է պատասխանի Եվրոպական դատարանի հարցերին․ - «Հարցերը հետևյալն են․ մեկով հարց է տալիս, թե արդյո՞ք Հայաստանի կառավարությունը չի կարծում, որ Հայկ Կյուրեղյանի երրորդ հոդվածով նախատեսված իրավունքը խախտվել է՝ նրան տեղափոխելիս և ոստիկանության բաժնում վատ վերաբերմունքի արժանացնելիս, և արդյո՞ք Հայաստանի կառավարությունը կարծում է, որ իրականացված քննությունը համապատասխանել է Եվրոպական դատարանի կողմից այլ գործերով սահմանված արդյունավետ քննության չափանիշներին»:
ՀՀ արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ից ստացել է հարցադրումները և, ինչպես բոլոր դեպքերում, այս գործով ևս Կառավարությունն իր դիրքորոշումը սահմանված ժամկետում կներկայացնի ՄԻԵԴ:
Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, «Ազատության» հետ զրույցում նշեց՝ որդին այդ ակցիան կատարելիս գիտեր ուր է գնում և նրա պայքարը շարունակվում է․ - «Փաստորեն այս բոլոր դատական ֆարսերը, որ տեղի են ունենում, միայն մի նպատակ են հետապնդում, որպեսզի հիմքեր ստեղծվեն Եվրոպական դատարանում այդ որոշումները քննարկելու համար և միակ այսօր արդարադատության հույսը դա Եվրոպական դատարանն է»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության տվյալներով, 2002-2016 թվականների ընթացքում ընդդեմ Հայաստանի կայացված վճիռներում հոդված 3-ի՝ խոշտանգումների արգելման խախտումներով դեպքերը գտնվում են 4-րդ տեղում։ 2007-2016 թվականների ընթացքում Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ կայացված վճիռներով պարտավորեցրել է դիմումատուներին վճարել 903,229 եվրո։