«Մենք որոշել ենք, որ մեր գործունեության ընթացքում տրորված ճանապարհներով չենք գնալու», - այսօր «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Քննադատություններին, թե «իրենց երթն ինչով է տարբերվում ուրիշների երթից», ընդդիմադիր պատգամավորն այսպես արձագանքեց՝ «Ելք»-ը երթերն ու ցույցերն անում է կոնկրետ նպատակի համար։
«Ասում ենք՝ քայլ մեկ, քայլ երկու, քայլ երեք, ինչպես պետք է փորձենք լուծել և ինչից է կախված հարցը կլուծվի՞, թե՞՝ չի լուծվի։ Այսինքն՝ մենք շատ հստակ ճանապարհային քարտեզ ենք ներկայացրել, և մենք այնպես ենք արել, որ յուրաքանչյուր մարդ, երբ որ գալիս է հանրահավաքի, ինքն իմանա, թե էդ օրն իր մասնակցությամբ ինչ խնդիր է լուծում», - ասաց Փաշինյանը։
Օգտատերերից մեկի հարցերին, թե «Ելք»-ը 120 հազար քվե է ստացել Ազգային ժողովի ընտրություններում, բայց հազարավոր մարդիկ պե՞տք է փողոց դուրս գան իշխանափոխության գնալու համար, և «եթե մի քանի 100 հազար մարդ փողոցում լինի, պարտավորվում եմ իշխանափոխության գնալ», Ձեր այս հայտարարությունը, չե՞ք կարծում, որ դեմագոգիա է», Փաշինյանը պատասխանեց. - «Ո՞վ է որոշում իշխանափոխություն լինի՞, թե՞՝ չլինի։ Այն ժողովուրդն, ովքեր մեզ ընտրել են, նրանց որոշումը ընդհանուրների թվի 8 տոկոսն է, իշխանափոխության մասին որոշում կարող է կայացնել պայմանական 50+1 տոկոսը։ Լավ, մենք կարող ենք գործակից դնել ու ասել, որ փողոցում 300 հազար մարդը նշանակում է, որ պատվիրակված է 600 հազար մարդուց, բայց մեկը կարո՞ղ է բացատրել՝ մենք ուզում ենք ժողովրդի իշխանություն հաստատե՞նք, թե՞՝ Սերժ Սարգսյանի խունտայի իշխանությունը փոխարինենք Նիկոլ Փաշինյանի խունտայի ,կամ ինչ-որ մեկի խունտայի իշխանությամբ։ Ես ուզում եմ սա լավ հասկանանք։ Ես չեմ ուզում խունտա լինել, մենք չենք ուզում խունտա լինել, մենք ուզում ենք, որ ժողովուրդը կայացնի որոշում։ Մենք ասում ենք, ես նաև անձնապես եմ ասում, երբ որ ժողովուրդը կայացնի որոշումը, ցուցադրի որոշումը, ես պարտավորվում եմ այդ որոշումն ի կատար ածել։ Էս նույն բանը ես ասել եմ 2008 թվականին, 2016 թվականի հուլիսին Խորենացի փողոցում»։
«Ես ուզում եմ, որ մի բան հասկանա Հայաստանի քաղաքացիների 50+1 տոկոսը՝ քանի ինքը չի որոշել, որ պետք է լինի իշխանափոխություն և այդ որոշումն ի ցույց չի դրել որևէ ձևով՝ կլինի դա ընտրություններում, թե՝ հրապարակում, տարբերություն չկա, իշխանափոխություն չի լինելու։ Համենայն դեպս, այլ կերպ ես ինձ իշխանափոխության պրոցեսի մասնակից չեմ պատկերացնում», - ասաց Փաշինյանը