«Մեր բանակը ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները». Բակո Սահակյան

ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը և 2018-ի անելիքներին:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է անցած տարի բանակաշինության ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքներին, հանձնարարականներ տվել այս տարի նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Բակո Սահակյանը 2017-ին ոլորտում իրականացված աշխատանքները ընդհանուր առմամբ բավարար է գնահատել՝ նշելով, որ դրանց արդյունքները տեսանելի են:

ԼՂ նախագահն ընդգծել է, որ ներկայացված առաջադրանքները կարևոր են և պահանջելու են ամենօրյա համակարգված, քրտնաջան աշխատանք հրամանատարական կազմի բոլոր օղակների կողմից:

«Համոզված եմ, որ մեր բանակը, ինչպես միշտ, ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները: Պետությունն իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել բանակաշինության ոլորտը, կանի հնարավոր ամեն ինչ զինված ուժերի մարտունակությունը բարձր պահելու, զինծառայողների սոցիալական հարցերը լուծելու ուղղությամբ», - նշել է Բակո Սահակյանը: