Չնայած Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա խորը ճգնաժամին՝ պաշտոնական Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները տարբեր հանդիպումներ են ունենում, որոնք մեծամասամբ չեն լուսաբանվում։
Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերի և Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի նոր հանդիպումը կարող է կայանալ հունվարի 26-ին՝ Դուբայում։ Այս մասին, վկայակոչելով Վաշինգտոնի իր աղբյուրը, գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը։
Մինչ այդ՝ հունվարի 24-ին, նույն աղբյուրի փոխանցմամբ, ամերիկացի բանագնացը հնարավոր է այցելի Ուկրաինա, մասնավորապես՝ Դոնբաս։ Վոլքերը հաստատել է այս տեղեկությունը։
Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը նկատել է, որ բանակցություններին կողմերը պետք է նախևառաջ ուշադրություն դարձնեն Մինսկի համաձայնագրերին։
«Նրանց ներկայությունը Դոնբասում թույլ կտա իրագործել Մինսկի համաձայնագրով նախատեսված քայլերը», - «Կոմերսանտ»-ին ավելի վաղ ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը։
Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամն առանցքային հարց է ռուս-ամերիկյան հարաբերությունների համար, և այդ հարցում առաջխաղացումը լավ ազդանշան կլինի։
Հանթսմանը նաև հավելել է, որ Վոլքերի և Սուրկովի նախկին երեք հանդիպումներն արդյունքներ չեն տվել։
Հիշեցնենք՝ վերջին անգամ Վոլքերն ու Սուրկովը փակ հանդիպում են ունեցել անցած տարի նոյեմբերին՝ Բելգրադում։