Հայաստանի 4-րդ նախագահը լինելու է Սերժ Սարգսյանի «մարիոնետկան». Լևոն Զուրաբյան

Ըստ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի, ով էլ ընտրվի Հայաստանի 4-րդ նախագահ, լինելու է Սերժ Սարգսյանի «մարիոնետկան՝ կառավարվող տիկնիկը»։ Որովհետև, ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի, ամեն ինչ որոշում է Սերժ Սարգսյանը՝ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ միասին։

«Պարզ է, որ այս համակարգում ով էլ ընտրվի, դա լինելու է Սերժ Սարգսյանի մարիոնետկան, այսինքն՝ կառավարվող տիկնիկը։ Ես արդեն հնարավորություն ունեցել եմ այդ արտահայտությունը տալ դեռ մինչև Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ես արդեն ասել էի, որ ով էլ լինի, նա հայտնվելու է այդ դերում, որովհետև, ըստ էության, ամեն ինչ որոշում է Սերժ Սարգսյանն իր մեծամասնության հետ հանդերձ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը։

Ըստ ՀԱԿ փոխնախագահի, Սերժ Սարգսյանին այս պաշտոնը պետք է նաև քաղաքական պատասխանատվությունը «լղոզելու» համար։

«Սերժ Սարգսյանին իրականում այս ամբողջ սահմանադրական փոփոխությունը և իբր դեպի պառլամենտական համակարգ անցնելու այս ամբողջ գործընթացը պետք էր ոչ միայն նրա համար, որ ինքը վերարտադրեր իր իշխանությունը, որովհետև նա չէր կարող երրորդ անգամ ընտրվել նախագահ, այլ նաև մի կարևոր հարց է լուծում Սերժ Սարգսյանը՝ ըստ էության Հայաստանի նախագահը ոչ մի բան չի որոշելու, ամեն ինչ անելու է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, բայց կա հոդված, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության նախագահը կնքում է միջազգային պայմանագրեր, օրինակի համար՝ եթե այս տարի կայանա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը և Հայաստանն Ադրբեջանի հետ կնքի միջազգային պայմանագիր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, այդ պայմանագիրը, համաձայն Սահմանադրության, կնքելու է Հայաստանի Հանրապետության նախագահը։ Դա մոտավորապես նման է այն ֆունկցիային, որը վերապահվում էր Օստապ Բենդերի կողմից ‘’Рога и копыта՛՛ կանտորայի նախագահ Ֆունտին, մոտավորապես այդ բանն է, այսինքն՝ ինչ-որ մեկը ֆորմալ պատասխանատվություն է ստանձնում նման բանի համար։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանին այս պաշտոնը նաև պետք է քաղաքական պատասխանատվությունը լղոզելու առումով, որովհետև իր համար իդեալական երկիրը հետևյալն է՝ նա ընդունում է բոլոր որոշումները, նա բացարձակ իշխանություն է, նա լրիվ կառավարում է, բոլոր լծակներն իր ձեռքում են, բայց այդ ամենն արվում է այլ մարդկանց դեմքերով, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության նախագահի դեմքով», - ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ մարտի 2-ին խորհրդարանը կընտրի Հայաստանի 4-րդ նախագահին։ Իշխող Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.