«Եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում». մեկնարկել է Կարեն Կարապետյանի այցը Շվեյցարիա

Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցը Շվեյցարիա:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականի ընթացքում աճել է շուրջ 3,5 անգամ՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է: Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր՝ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Մենք բարելավում ենք զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները: Ու իսկապես, 2017 թվականի արդյունքները խոստումնալից են և, ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք կատարված աշխատանքով», - ասել է վարչապետը՝ նշելով. - «Ակնկալում ենք, որ 2017 թվականի համար ՀՆԱ-ի աճը կհասնի շուրջ 7 տոկոսի»:

Ըստ Կարապետյանի, այս արդյունքին նպաստել է 12.3 տոկոս աճն արդյունաբերության ոլորտում (2017 թ. հունվար-նոյեմբերին 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ), ինչպես նաև առևտրաշրջանառության՝ 14,4 տոկոս, ծառայությունների՝ 14,2 տոկոս աճը (բացառությամբ առևտրի):

«Ունենք նաև աճի այլ ոլորտներ: Օրինակ, դոլարային արտահայտությամբ արդեն նոյեմբեր ամսին մենք կարողացանք արձանագրել արտաքին առևտրի ռեկորդային բարձր մակարդակ անկախությունից ի վեր: Եվ դա շնորհիվ այն փաստի, որ 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մեր արտահանման ծավալներն աճեցին 23.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 28 տոկոսով: Կարծում եմ՝ մենք կունենանք աճի ամենաբարձր տեմպը տարածաշրջանում», - ասել է վարչապետը:

«Եթե ինձ հարցնեք, թե կոնկրետ որ ոլորտում դուք պետք է ներդրում կատարեք, ապա ես կպատասխանեմ, որ կան մի շարք ոլորտներ. գյուղատնտեսություն և գինեգործություն, ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, դեղագործություն, ենթակառուցվածքներ, էներգետիկա և հանքարդյունաբերություն, ոսկերչություն և ակնագործություն, ժամագործություն և այլն», - նշել է Կարեն Կարապետյանը՝ շարունակելով. - «Այո՛, Հայաստանը չափերով փոքր է, բայց Հայաստանով անցնող շուկաները շատ ավելի մեծ են: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որն իրենից ներկայացնում է 180 միլիոնանոց ընդհանուր շուկա և տնտեսական միություն: Մենք սահմանակցում ենք Իրանին, որն ունի ավելի քան 80 միլիոն բնակչություն և որի հետ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ: Վերջերս Իրանի հետ սահմանին մենք հիմնեցինք Մեղրի ազատ տնտեսական գոտին, որն իր հերթին կարող է հետաքրքրել նրանց, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Իրանը դրսից, բայց բավականաչափ մանրակրկիտ: Այս ամենին գումարվում է Եվրամիությունն իր ավելի քան 500 միլիոն բնակչությամբ, որի հետ Հայաստանը բոլորովին վերջերս ստորագրեց Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը, ի հավելումն ԵՄ-ի հետ ունեցած GSP+ համակարգի: Հայաստանում արտադրության և ծառայությունների ծախսերը մատչելի են, ուստի «Պատրաստված է Հայաստանում» ապրանքները կարող են մրցունակ լինել ԵՄ-ում»:

Նշելով, որ մոտ ապագայում նախատեսված է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի և մի շարք շվեյցարացի գործարարների այցը Հայաստան, Հայաստանի վարչապետը նշել է, որ դա շատ լավ առիթ է տեղում ծանոթանալու Հայաստանի հնարավորություններին:

Վարչապետն ասել է, որ Դավոսում մի շարք հանդիպումներ է ունենալու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, որոնց ընթացքում ներկայացվելու են Հայաստանի տնտեսական ներուժն ու հնարավորությունները:


Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանն ուղևորվել է Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական համաժողովին:

Ըստ հաղորդագրության, այսօր վարչապետը կմասնակցի նաև «Քրիսթալ» 24-րդ ամենամյա մրցանակաբաշխության բացման արարողությանը, ինչպես նաև համաժողովի մասնակիցների պատվին Ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբի կողմից տրվող ընդունելությանը:


Դավոսի այս տարվա համաժողովն անցկացվում է «Ստեղծելով համատեղ ապագա պառակտված աշխարհում» (“Creating a Shared Future in a Fractured World”) խորագրի ներքո: