Պաշտոնական աղբյուրները մինչ այս պահը չեն հաստատել Սանչես-Մխիթարյան փոխանակման գործարքի կայացման մասին լուրերը, սակայն «Արսենալի» մարզիչն արդեն հրապարակավ ասում է, թե ինչ ծրագրեր է կապում Հենրիխ Մխիթարյանի հետ ու ինչպես է պատրաստվում նրան ընգրկել իր ղեկավարած ակումբի կազմում:
«Եթե Սանչեսը գնա, նրա փոխարեն կգա մեկը, ով նույն որակներն ունի»,- երեկ բրիտանական մամուլին ասել է Արսեն Վենգերը՝ հավելելով․ «Սա այն դեպքը չէ, երբ մենք պարզապես խաղացող ենք կորցնում: Մենք համալրում ենք ակումբը նոր ֆուտբոլիստով»:
Ավելին՝ Վենգերը չի թաքցրել, որ հեռուն գնացող հույսեր է կապում Մխիթարյանի հետ, պնդելով՝ ստեղծված իրավիճակում «Արսենալը» առավել շահեկան դիրքում է: «Այս գործարքի առավելությունն այն է, որ մենք ստանում ենք մի ֆուտբոլիստ՝ Մխիթարյանին, ով երկարատև պայմանագիր է ունենալու և հանձնառու է լինելու ավելի լավ խաղ ցուցադրել»,- նաև նշել է «Արսենալի» երկարամյա մարզիչը:
Լրագրողները Վենգերից հետաքրքրվել են՝ կկարողանա՞ արդյոք նա մեկ թիմում համատեղել Մխիթարյանին ու Մեսութ Օզիլին, և ինչպե՞ս է պատաստվում Մխիթարյանի ներուժն օգտագործել: «Ուղղակի պետք է թույլ տալ, որ լավ ֆուտբոլիստները կարողանան խաղալ, նրանք՝ Մխիթարյանն ու Օզիլը, միշտ կարող են համագործակցել»,- պատասխանել է Վենգերը:
Բրիտանական լրատվամիջոցները պնդում են, թե չիլիացի Ալեքսիս Սանչեսն ու Հենրիխ Մխիթարյանն այս օրերին բուժզննում են անցնում՝ նոր ակումբներ տեղափոխվելու համար: Sky Sport News-ի տեսախցիկն անցած շաբաթավերջին արձանագրել էր, թե ինչպես է Մխիթարյանը ժամանում Լոնդոնի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկը իր գործակալի՝ Մինո Ռայոլայի հետ: Սանչեսն էլ «Ինստագրամի» իր էջում հրապարակել է նկար, որում պատկերված է, թե ինչպես է ինքը մասնավոր ինքնաթիռի շարժասանդուղքով բարձրանում՝ ակնարկելով դեպի Մանչեսթր չվերթի մասին:
BBC-ի պնդմամբ՝ ֆուտբոլիստների տեղափոխության շուրջ բանակցությունները շատ մոտ են ավարտին, վերջնական հայտարարությունը, սակայն, ուշանում է, քանի որ երկու ֆուտբոլիստներն էլ Եվրամիության քաղաքացի չեն, և այս փուլում պարտավոր են աշխատանքի իրենց իրավունքը թարմացնել :
«Այս գործարքը նպաստավոր կլինի բոլորի համար»,- կարծիք է հայտնել BBC-ի մարզական մեկնաբանը՝ մանրամասնելով․ ««Արսենալից» հեռանում է մի ֆուտոլիստ, ով չէր ուզում այլևս այդ ակումբի կազմում լինել: Փոխարենը, նրանք ստանում են մի խաղացողի, ով գուցե իր տեղը չգտավ Մանչեսթրում, բայց ունի շատ ավելի լավ որակներ, քան կարողացավ դրսևորել «Յունայթեդում»»:
Գործարքի պայմանների ու դրամական փոխհատուցումների մասին, սակայն, դեռևս հստակ հաղորդումներ չկան: