Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանիության ժամկետի, ՍԱՊԾ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) տեղեկացնում է, որ քաղաքացու ահազանգի հիման վրա, ծառայությունը իրացման շուկայում հայտնաբերել է OKF ապրանքանիշի Caffe Latte անվանումով 16 սուրճ, որոնց վրա բացակայում են արտադրության և պիտանիության ժամկետները:

«Հայտնաբերված սուրճերը հանվել են վաճառքից և ոչնչացվել: Միաժամանակ՝ ծառայության կողմից իրականացվում են աշխատանքներ՝ ներմուծված ողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ», - ասված է հաղորդագրությունում։

Ծառայությունը հորդորում է սպառողներին՝ «ուշադրություն դարձնել սննդամթերքի պիտանիության ժամկետների առկայությանը և դրանց բացակայությունը հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել «Թեժ գծի» հեռախոսահամարով»։