«Ելք»-ը դատարանում բողոքարկում է «Զիբիլիքսի» գործի կարճման որոշումը

Արտակ Զեյնալյանը և Նիկոլ Փաշինյանը դատարանում, 22-ը հունվարի, 2018 թ․

Երևանի ավագանու ընտրությունների նախօրին Տարոն Մարգարյանի շտաբի մոտ գտնվող աղբարկղից հայտնաբերված փաստաթղթերի, կամ այսպես կոչված՝ «Զիբիլիքսի» գործով պատշաճ քննություն իրականացնելու պահանջով «Ելք» դաշինքը դիմել է դատարան:

Ընդդիմադիր դաշինքը դեռ անցած տարվա մայիսին իրավապահներին էր ներկայացրել Հանրապետականի շտաբի մերձակա աղբարկղից հայտնաբերված փաստաթղթերը, պնդելով, թե դրանք վկայում են, որ ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին ընդառաջ՝ համակարգված և կենտրոնացված կերպով ընտրակաշառք է բաժանել: Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, գործը կարճել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Քննիչի այդ որոշումը «Ելքը» բողոքարկել էր, դիմելով գլխավոր դատախազին: Դատախազը ևս մերժել էր բողոքը՝ համարելով, որ ՀՔԾ-ի որոշումն օրինական է և հիմնավոր: Այժմ «Ելքը» դատարանում բողոքարկում է արդեն դատախազի որոշումը՝ պահանջելով գործը վերաբացել և օբյեկտիվ նախաքննություն իրականացնել: «Հիմա մենք գործը բողոքարկում ենք դատարանում, պահանջելով, որպեսզի վարույթը կարճելու մասին որոշումը վերացվի և տեղի ունենա օբյեկտիվ նախաքննություն»,- այօր դատարանում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա դատարանի դահլիճում մանրամասն ներկայացրեց, թե ինչ առանցքային հարցերի պատասխաններ չեն ստացել քննության ընթացում: «Ա․ ի՞նչ է նշանակում հայտնաբերված թղթերի բովանդակություն: Բ․ ինչպե՞ս կարող էին այդ թղթերը ծագել, ստեղծվել ընդհանրապես: Գ․ Արդյո՞ք դրանք իսկապես դուրս են բերվել ՀՀԿ-ի կամ Տարան Մարգարյանի՝ Կոմիտաս 56 հասցեում գտնվող նախընտրական շտաբից: Դ․ ինչքանո՞վ են իրականությանը համապատասխանում թղթերում բերված անձնական տվյալները՝ անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցե: Ե․ ովքե՞ր են այն մարդիկ, որոնք կարող էին տիրապետել այս ողջ տեղեկատվությանը: Զ․ Ոստիկանության ֆաքսի թնջուկը․ ինչպես գիտեք, այս թղթերի մեջ նաև հայտնաբերվել է ֆաքս՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների անձնական տվյաներով»,- թվարկեց Նիկոլ Փաշինյանը:

«Ելք» խմբակցության ղեկավարի պնդմամբ՝ պատշաճ քննություն չի իրականացվել, և քննիչն ամեն ինչ արել է, որ չպարզվի այնպիսի մի հանգամանք, որը կարող էր ապացույց հանդիսանալ: «Ու գիտե՞ք ինչու, որովհետև ՀՔԾ-ի բոլոր քննչրների սենյակներում Սերժ Սարգսյանի լուսանկարն է կախված: Մենք խոսում ենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի կողմից կազմակերպված հանցավոր խմբավորման մասին, և ամեն անգամ ցուցմունք գրելիս ու կարդալիս, քննիչը, ըստ ամենայնի, նայել է Սերժ Սարգսյանի պատկերին ու հասկացել, թե ինչ պետք է անի»,- ասաց Փաշինյանը: Դատական նիստը կշարունակվի փետրվարի 15-ին: