Վարչապետ․ թուրքական բանակը մտել է Սիրիա

Թուրքական տանկը շարժվում է դեպի սիրիական սահման, 18-ը հունվարի, 2018թ․

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե երկրի զինուժը հատել է Սիրիայի հետ սահմանը` Աֆրին շրջանում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Բինալի Յըլդըրըմը չի նշել, թե ռազմական այս գործողություններին քանի թուրք զինվոր է մասնակցում, սակայն պնդել է, որ դրանց նպատակն է «30 կիլոմետր անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի տարածքում»:

Ավելի վաղ թուրքական զինուժը հայտարարել էր, թե արդեն երրորդ օրը շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում հարվածներ է հասցրել քրդական 153 օբյեկտների: Ըստ պաշտոնական հաղորդագրության, դրանց թիրախում են եղել քրդերի ռազմական հենակետերն ու զինանոցները:

Քրդերը, սակայն, հայտարարում են քաղաքացիական զոհերի մասին: «Ֆրանսպրես»-ի հետ զրույցում վերջիններս պնդել են, թե թուրքական կողմի հարվածներից առնվազն յոթ խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝մեկ երեխա:

Անկարան արդեն երրորդ օրն է` փաստացի ռազմական գործողություններ է իրականացնում Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդերի դեմ, չնայած Վաշինգտոնը շաբաթասկզբին կրկին հորդորել էր Անկարային այդ քայլին չգնալ և ուժերը կենտրոնացնել տարածաշրջանում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի վրա:

Երեկ թուրքական ագրեսիան դատապարտել է նաև Սիրիայի կառավարությունը` կոչ անելով միջազգային հանրությանը անհապաղ դադարեցնել այն: