«Հայաստանը պատրաստ չէ այսօր գնահատելու իր մեծ գրողներին»․ ԳՄ նախագահ

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հայ գրականության առաջընթացի համար շատ կարևոր է համարում ոչ միայն գրական առնչությունները, շփումները տարբեր երկրների գրողների հետ, նաև հայ ժամանակակից գրականությունը թարգմանաբար համաշխարհային հանրությանը ներկայացնելը։

«Շատ դեպքերում մեր ստեղծագործական միության անդամ սփյուռքահայ գրողները իրենք նաև կապավորն են մեր ժամանակակից գրականության, և իրենց երկրների միջև․ Վրաստանի, Պարսկաստանի մեր բաժանմունքների գրողները թարգմանում են այդ երկրների լեզուներով», - մանրամասնեց Միլիտոնյանը: - «Նաև թարգմանական գրականության լիանիստ արեցինք, որտեղ քննարկվեց՝ ինչն է թարգմանվում, ինչպես պիտի գործի այդ մեխանիզմը, որն է, որ արժանանում է պետական միջոցների հրատարակությամբ, որը՝ հրատարակիչները, որը՝ Գրողների միությունը»:

ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով մեր գրողները ժամանակ առ ժամանակ հրավիրվում նաև մասնակցելու այս կամ այն միջազգային գրական հանդիպման կամ փառատոնի՝ օրինակ Լեհաստանում, Հունգարիայում, Սերբիայում և այլուր: Ինքը նույնպես անցյալ տարի մասնակցել է նաև Անդերսենի անվան մանկապատանեկան գրքի փառատոնին․ - «Անդերսենի համաշխարհային մանկապատանեկան գրքի մրցանակաբաշխությունում իրենց հայաստանյան կազմակերպությունը ներկայացրել էր իմ գրականությունը, և դա քննարկմամբ վերջնական ցանկում է հայտնվել: Դա էլ մանկապատանեկան գրականության ամենաբարձր հարթակն է»:

Ցավոք առայժմ գրական միջազգային մրցանակաբաշխություններին հաղթողներ մենք դեռ չենք ունեցել, բայց ԳՄ նախագահի խոսքով թարգմանական լուրջ աշխատանքի շնորհիվ ի վերջո առաջիկայում կարող ենք և նման առաջընթաց գրանցել: - «Թարգմանական վերջին հինգ տարվա հայ գրողների ցանկը մենք տպագրեցինք «Գրական թերթում», երկու էջում: Ուրեմն՝ հարյուրավոր պարբերականների անթոլոգիաների և գրքերի տպագրությունն է հայ գրողների հրատարակումները եղել աշխարհի տարբեր երկրներում: Սովետական Միության օրոք անգամ նման բան չի եղել», - պատմեց Միլիտոնյանը:

Գրողների միության նախագահը վստահություն է հայտնում, որ հայ ժամանակակից գրականությունը չի կարող չհետաքրքրել արտասահմանյան ընթերցողին, անգամ եթե նույնիսկ հայ ընթերցողն է անտարբեր հայ ժամանակակից գրականությանը: - «Հայաստանը ինքը պատրաստ չէ այսօր գնահատելու իր մեծ գրողներին», - վստահ է Էդվարդ Միլիտոնյանը: