ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «մի շարք ստեղծարար գաղափարներ են առաջարկել» ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ, երեկ Կրակովում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Վերջինիս խոսքով, նախ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, ապա նրանց մասնակցությամբ՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները տևել են շուրջ վեց ժամ:
Առաջարկված գաղափարների հիման վրա քննարկումները շարունակելու համար, ասել է Մամեդյարովը, համանախագահները փետրվարի սկզբին կայցելեն տարածաշրջան: «Ըստ էության, հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում, հիմնական մոտեցումն է՝ կարգավորման ուղղությամբ առաջընթացի, խաղաղության ու կայունության համար անհրաժեշտ է շարունակել առավել ինտենսիվ, բովանդակալից ու տրամաբանական բանակցությունները», - նշել է Ադրբեջանի արտգործնախարարը: