Մոսկվան Վաշինգտոնից պահանջում է դադարեցնել դիվանագիտական գաղտնի տեղեկությունների արտահոսքը

ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակ, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունը պահանջում է, որ Միացյալ Նահանգները դադարեցնի դիվանագիտական գաղտնի տեղեկությունների արտահոսքը, այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում այս շաբաթ հաղորդումներ եղան Ռուսաստանի դեսպանատան կողմից կատարված «կասկածելի» բանկային փոխանցումների վերաբերյալ:

Նախօրեին ամերիկյան Buzzfeed-ը հաղորդել էր, թե ամերիկյան վերջին նախագահական ընտրություններին ռուսների միջամտությունը քննող իրավապահները ուսումնասիրում են Ռուսաստանի դեսպանատան կողմից ստացված և փոխանցված գումարները: Ըստ այդ հրապարակումների՝ ամերիկյան բանկերն արձանագրել են մի շարք «կասկածելի թվացող փոխանցումներ» և այդ մասին տեղյակ պահել իշխանություններին, ինչպես օրենքն է պահանջում: Այդ փոխանցումներում ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված է Վաշինգտոնում Ռուսաստանի այժմ նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակը: