Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է վերաինտեգրման օրինագիծը, որն արտահայտում է պետական քաղաքականությունը երկրի արևելքում անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջանների նկատմամբ:
Օրինագծում Ռուսաստանը որակվում է «ագրեսոր», իսկ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները՝ «ժամանակավորապես օկուպացված տարածքներ»:
Associated Press-ը նշում է, որ օրինագիծը ենթադրում է նաև ռազմական ուժի միջոցով վերադարձնել այդ տարածքները Ուկրաինայի վերահսկողությանը:
Օրինագիծը հաստատել է արևելյան շրջանների` անցյալ տարվանից գործող տրանսպորտային բլոկադան ու առևտրի արգելքը, իսկ անջատականների իշխանությունների կողմից տրվող փաստաթղթերից Կիևը կճանաչի միայն ծննդյան և մահվան վկայականները:
«Ագրեսոր ու ժամանակավորապես օկուպացված տարածքներ» ձևակերպումները Կիևը նախկինում օգտագործել էր նաև Ղրիմի դեպքում, որը Ռուսաստանը բռնակցել է 2014-ին:
Գերագույն Ռադայում ընդունված օրինագծում հղում չկա միջազգային միջնորդների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից պաշտպանվող Մինսկի համաձայնություններին, և դա հարցեր է առաջացնում, թե արդյոք չի՞ բարդանա 2015-ին Մինսկում ստորագրված համաձայնագրի իրականացումը՝ ուղղված Ուկրաինայի արևելքում խաղաղության հաստատմանը:
Մինսկի համաձայնությունների հիշատակումը երկար վիճաբանություններից հետո նախագծից հանվել էր առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ:
Դոնեցկի անջատականների ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն քննադատել է օրինագիծը՝ ասելով, որ այն Ուկրաինայում կբարձրացնի ագրեսիվ ու ռազմական գործողությունների դիմելու տրամադրությունները:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ընդունված օրինագծի նպատակը խնդիրը ուժային ճանապարհով լուծելու Կիևի դիրքորոշումը հաստատելն է:
Կիևում գործող հետազոտական «Պենտա» անկախ կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ֆեսենկոն ասել է, որ օրինագծի հիմնական նպատակը միջազգային դատարաններում Ուկրաինայի շահերը պաշտպանելն է:
Լարվածությունների և ցույցերի տեղիք տված օրինագիծը Գերագույն Ռադայում ընդունվել է հունվարի 18-ին՝ 450 տեղանոց խորհրդարանում ստանալով 280 ձայն:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն քվեարկությունից հետո ողջունել է օրինագծի ընդունումը: «Մենք կշարունակենք ճանապարհ հարթել Ուկրաինայի օկուպացված տարածքները քաղաքական և դիվանագիտական քայլերի միջոցով վերաինտեգրելու համար։ Օրինագիծն ազդանշան է Ղրիմին և Դոնբասին: Դուք Ուկրաինայի անքակտելի մասն եք», - Թվիթերի իր էջում գրել է Պորոշենկոն: