Վարչական ռեսուրսն անթաքույց գործի է դրվում Պուտինի օգտին. իրավապաշտպան կազմակերպություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանում նախագահական ընտրությունների քարոզարշավը չի սկսվել, քվեարկությանն էլ դեռ երկու ամիս ժամանակ կա, սակայն, անկախ իրավապաշտպաններն արդեն Ընտրական օրենսգրքի շուրջ վեց տասնյակ խախտում են արձանագրել:

«Գոլոս» իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է՝ վարչական ռեսուրսն անթաքույց գործի է դրվում նախագահ Պուտինի օգտին, լրատվամիջոցներն էլ առավոտից երեկո նրա գովքն են անում:

«Վլադիմիր Պուտինի օգտին իրենց ստորագրությունը դրածների շարքում առաջինները ուսուցիչներն ու բժիշկներն էին, ուսանողներն ու թոշակառուները», - նախօրեին հաղորդում էր դաշնային հեռուստաընկերություններից մեկը:

НТВ-ի եթերում արդեն 18 տարի երկիրը կառավարող նախագահին անգամ անչափահասներն էին աջակցում:

«Երբ երեխաս իմացավ, որ ես գնում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին աջակցելու, ասաց՝ «հայրիկ, ես էլ եմ ուզում մասնակցել ստորագրահավաքին»: Ցավոք, նա նման իրավունք չունի՝ 18 տարեկանը չի բոլորել, խորհրդանշական ստորագրությունն, այդուամենայնիվ, կդնի»:

Դաշնային հեռուստաընկերություններից ետ չեն մնում տեղականները. այս օրերին յուրաքանչյուրը ծավալուն հաղորդումներ է հեռարձակում իրենց մարզում կամ քաղաքում սկսված ստորագրահավաքի մասին՝ չմոռանալով խոսել Վլադիմիր Վլադիմիրովիչի արժանիքների մասին: «Ես եկել եմ այստեղ առաջին հերթին աջակցելու նախագահին, ինչո՞ւ՝ որովհետև նա մեծ փորձառություն ունեցող առաջնորդ է և շատ բան է արել մեր երկրի համար»․․․

Լրատվամիջոցների պնդմամբ, համաժողովրդական այս ստորագրահավաքն անցկացվում է կամավորների օգնությամբ, որոնց մեծ մասը ուսանողներ են:

Անկախ իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, փաստում են՝ այդ կազմակերպությունները ուղղակի և անուղղակի կապված են Կրեմլի հետ: Դրանցից մեկն օրինակ՝ «Հաղթանակի կամավորները», անցած տարի միայն դաշնային բյուջեից 60 միլիոն ռուբլու սուբսիդիա է ստացել: Ավելին՝ ընդդիմախոսները պնդում են, թե ստորագրահավաքը ոչ միշտ է անցկացվում կամավորության սկզբունքով:

Սանկտ Պետերբուրգում, օրինակ, սոցիալական ծրագրերի պետական կենտրոնի աշխատակիցները անանուն մնալու պայմանով պատմել են՝ իրենց պարտադրում են Պուտինի օգտին ստորագրել, այս մասին ահազանգել են նաև Կոմսոմոլսկի մի քանի դպրոցների ուսուցիչներ, Ալթայի երկրամասում ուսանողներին ու աշխատակիցներին ավտոբուսներով են բերել ստորագրահավաքի՝ նրանք անձամբ են այդ մասին պատմել տեղական հեռուստաընկերությանը:

Սարատովում է՛լ ավելի հեռուն են գնացել և որոշել են Պուտինին աջակցելու կոչն անմիջապես վարչական շրջանի պաշտոնական կայքում տեղադրել, Ստավրոպոլում ուսխորհուրդների նախագահներն ուսանողներին ուղարկած նամակում սպառնացել են՝ եթե կամավոր չմասնակցեն, իրենք ստիպված կլինեն պարտադրանքի անցնել:

Նախօրեին «Գոլոս» իրավապաշտպան կազմակերպությունն այս փաստերն ու տեսագրություններն ուղարկել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: ԿԸՀ-ի ղեկավար Էլլա Պամֆիլովան ընդունել է, որ որոշ փաստեր մտահոգիչ են, միևնույն ժամանակ պնդել՝ «համատարած խախտումներ չկան»: