1,1 միլիարդ դրամ Ոստիկանությանը՝ կոռուպցիան նվազեցնելու համար

Ոստիկանության, պետեկամուտների հավաքագրման, առողջապահության և կրթության ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ Կառավարություն այս տարի 1 միլիարդ 348 միլիոն դրամի (շուրջ 3 միլիոն դոլար) միջոցառումներ կիրականացնի։

Կառավարությունն այսօր հաստատեց Հակակոռուպցիոն ռազմավարության 2018 թվականի ծրագիրը, որով նախատեսվում է բարեփոխումներ իրականացնել թիրախային մի շարք գերատեսչություններում։

Գործադիրն այսօրվա նիստում որոշեց փոփոխություն կատարել իր՝ դեռևս 2015 թվականին մշակած հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում, և գերակա ճանաչված 4 ոլորտներում իրականացնել բարեփոխումներ, աշխատակիցների համար կազմակերպել դասընթացներ։

Թե ինչ միջոցներով է Կառավարությունը ֆինանսավորելու այս ծրագրերը, առայժմ հայտնի չէ։ Դրա մասին այսօր չխոսեց նաև նախագիծը վարչապետին ներկայացնող Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Կառավարությունից խոստացան հարցին ավելի ուշ պատասխանել։

Եթե գումարի աղբյուրը դեռ հայտնի չէ, ապա մի քանի հարյուր էջանոց փաստաթղթերի ուսումնասիրությունից կարելի է տեսնել, թե դրանք ինչպես են ծախսվելու։ Գումարի առյուծի բաժինը՝ ավելի քան 1.1 միլիարդ դրամ կհատկացվի Ոոստիկանությունում կոռուպցիան նվազեցնելու համար: Դրա կեսից ավելին՝ 648 միլիոնը կտրամադրվի օպերլիազորներին, հետաքննիչներին ու տեսուչներին, որպես անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների և բջջային հեռախոսակապի ծախսերի փոխհատուցում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը տարակուսած է, քանի որ կատարվող ծախսերի մեջ կոռուպցիայի դեմ պայքար չի տեսնում․ - «Եթե իրենք սրանով ուզում են փաստացի բարձրացնեն օպերլիազորների եկամուտները, որպեսզի օպերլիազորները կաշառք չվերցնեն, ապա թող նաև գործողություններ ձեռնարկեն ու հասկանան, թե ինչու են օպերլիազորները կաշառք վերցնում, ումից են օպերլիազորները կաշառք վերցնում, որտեղ է խնդիրը, և պայքարեն դրա դեմ: Փաստացի իրենք կոռուպցիայի դեմ պայքարի քողի ներքո Ոստիկանության ֆինանսավորումն են ավելացնում»:

Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրով նախատեսվում է թարմացնել Ոստիկանության ավտոդրոմը՝ 2.5 միլիոն դրամով մոպեդ գնել, 25 միլիոնով՝ բեռնատար, 24 միլիոնով՝ ավտոբուս: 500 հազար դրամով էլ նախատեսվում է մեքենաներում տեսախցիկներ տեղադրել։

«Այդ տեսախցիկը արժենալու է 500 հազար դրա՞մ: Ես չեմ պատկերացնում որտեղից են իրենք պատրաստվում ճարել 500 հազար դրամանող վիդեոռեգիստրատոր։ Ես այդքան թանկ վիդեոռեգիստրատոր երբեք չեմ տեսել», - ասաց Իոաննիսյանը:

Հարցին, թե արդյո՞ք կա իրական պայքար կոռուպցիայի դեմ, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը պատասխանեց փաստերով: Ըստ նրա, 2003 թվականից մինչև այսօր Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինքեքսում գրեթե նույն 113-րդ հորիզոնականում է․ - «Փաստաթղթային առումով գնալով մենք կատարելագործվում ենք: Խնդիրն այստեղ դրա կիրարկումն է, խնդիրը այստեղ քաղաքական կամքի դրսևորումն է, որպեսզի այն ամենը, ինչ գրվում է փաստաթղթերում, կյանքի կոչվի»:

Հոկտանյանը հիշեցրեց, որ սա արդեն երրորդ ռազմավարական ծրագիրն է, մինչդեռ խոսքից գործի անցում փորձագետը դեռ չի տեսնում։ Նա չի բացառում, որ նման ծրագրերը գրվում են պարզապես միջազգային դոնոր կազմակերպություններից գումար ստանալու ակնկալիքով․ - «Նախկին փորձը ցույց է տվել, որ ի վերջո, հաշվի առնելով մեր խրոնիկ ծանր տնտեսական վիճակը, բյուջեի սղությունը, ամեն ինչ վերջացել է նրանով, որ միջազգային դոնորներին են դիմել՝ գումար խնդրելով, ինչպես և հիմա տեղի է ունենում: Եվ երևի հույս կա, որ այդ գումարը նույնպես մի բարի քեռի կտրամադրի: Ես ավելի շատ հույսը տեսնում եմ այդ բարի քեռիներից, քան թե պետբյուջեից»:

Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրով 110 միլիոն դրամ կհատկացվի պետական եկամուտների հավաքագրման ոլոտրում բարեփոխումների համար։ Հարկային և մաքսային ծառայողները գիտելիքների և հմտությունների բարելավմանն ուղղված պարտադիր վերապատրաստում կանցնեն, նրանց համար տարեկան առնվազն 8 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթաց կկազմակերպվի հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով:

«Եթե այդ դասընթացների արդյունքում մաքսային ծառայողները, օրինակ, կգան այն գիտակցության, որ եթե, օրինակ, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը բջջային հեռախոսներ է բերում, ապա միևնույն է այդ բջջային հեռախոսները ենթակա են մաքսազերծման, ապա միգուցե այդ դասընթացներով պետությունը, տնտեսությունը և մյուս տնտեսվարողները շահեն: Բայց եթե այդ դասընթացներում իրենց ասելու են, գիտեք, չի կարելի կաշառք վերցնել․․․ իրենցից ով չգիտի, որ չի կարելի կաշառք վերցնել», - նշեց Դանիել Իոաննիսյանը: