Քայքայված հատվածները նկատելի են մոտ 20 կիլոմետրանոց ճանապարհի գրեթե ողջ երկայնքով։ Այստեղ ցեմենտի կտորները կարելի է պարզապես ձեռքով հավաքել։
Այս ճանապարհը կառուցել է իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը: Հայաստանի կառավարությունը 2016 թվականի կեսերին այն ընդունել է և հանձնել շահագործման։
Հյուսիս-հարավին վերաբերող հարցերով զբաղվում է տրանսպորտի նախարարության տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը։ Այսօր Հյուսիս-հարավի բետոնե ճանապարհից մի քանի կտորներ այս կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանին ցույց տվեցինք։
«Կարող ա վրան բեռնատարից ինչ-որ ծանր բան է ընկել ու ջարդվել ա: Նման բանից, բնականաբար, ճանապարհը պաշտպանված չի», - ենթադրեց նա:
Կարապետյանին նաև քայքայված ճանապարհի այսօր արված լուսանկարները ցուցադրեցինք: Ասաց, որ պատկերում մակերեսային դեֆեկտ է, որը թեև նորմալ չէ, բայց թույլատրելի է։ Նրա խոսքով՝ վերանորոգման անհրաժեշտություն չկա:
Պաշտոնյան վստահեցրեց, թե նման քայքայումից միջազգային ստանդարտները չեն տուժում․ - «Խորքային խնդիրները ճանապարհի հետ կապված լինում են լինում են այն դեպքում, երբ դու ունենում ես լուրջ նստվածքներ, օրինակ, երբ քո հիմքը նստում է, որ ճանապարհդ քանդվում է: Բարեբախտաբար 18 կիլոմետրի որևէ հատվածում մենք չունենք բետոնի ճաքում, որը կառաջանար շինարարությունից հետո»:
«Ազատության» տեսախցիկը այսօր բետոնե ճանապարհի վրա նաև բազմաթիվ ճաքեր էր արձանագրել։ Դրանցից մեկը ուղիղ մեջտեղից կիսում էր մոտ 30 մետրանոց լայնությամբ ճանապարհը։ Երբ լուսանկարը պաշտոնյային ցուցադրեցինք, նա մի քանի վայրկյան լռում էր։ Հետո ասաց․ - «Բիտումային մշակում անցած ա: Եթե Դուք նկատեք, ապա լցված ա իրա մեջ հատուկ էն նյութը, որը պիտի պաշտպանի ու ապահովագրի էս ճաքի հետագա խորացումից ու լայնացումից․․․ Ճաքի առաջացման պատճառները տարբեր կարող են լինել»:
Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Կարապետյանն ասաց, որ ճանապարհը շահագործման ընդունելիս այս ճաքը եղել է՝ հավելելով․ - «Լրացուցիչ ճաքային մշակումներ ընդունումից հետո չեն իրականացվել»:
Հյուսիս-հարավի կառուցման համար պատասխանատու պաշտոնյան ասաց, որ ճաքերի 8 տեսակներ են սահմանվել, որոնք պայմանագրով թույլատրելի են, և այս ճաքը դրանցից մեկն է։
Կարապետյանը վստահեցրեց, որ նման ճաքերը մշակվում են և հատուկ նյութ է լցվում, որը կանխում է ջրի ներթափանցումը, ինչը կարող է վնասել բետոնը։
Մինչդեռ այսօր «Ազատության» տեսախցիկը ֆիքսեց, որ բազմաթիվ հատվածներում ճաքերի ռետինե պաշտպանիչ շերտը պոկված էր։
Վարդան Կարապետյանը պարզաբանեց, որ թեև ճանապարհը 2016 թվականին ընդունվել է, բայց դրա համար մեկ տարի երաշխիքային սպասարկման ժամկետ է սահմանվել, որը ևս մեկ տարով երկարաձգվել է մինչև 2018 թվականը։ Թերություններ այս ընթացքում հայտնաբերել են․ օրինակ, գծանշումներն էին քայքայվել, որոնք շինարարական կազմակերպությունը սեփական միջոցներով կվերականգնի։
Ինչ վերաբերում է ցեմետի քայքայվելուն և ճաքերին, ապա դրանք այդպես էլ կմնան: Նա պարզաբանեց, որ քայքայման պատճառը ձմռանը ճանապարհների մշակման համար օգտագործված նյութերն են։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կազմում է 556 կմ, իրականացման ժամկետը 2009-2019 թվականն է: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս պահի դրությամբ կառուցվել և շահագործվում է ճանապարհի մի փոքր հատվածը՝ 31 կիլոմետրը։
Թե երբ կավարտվի ամբողջ ճանապարհի կառուցումը՝ չի կարող ասել անգամ դրա համար պատասխանատու պաշտոնյան․ - «Որևէ գնահատական, որը կհնչի էս պահին ծրագրի ավարտի վերաբերյալ, իրականությունից շատ հեռու կլինի»: