Հայաստանի գյուղնախարարը մեկնել է Բեռլին

ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյան, արխիվ

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Քրիստիան Շմիդթի հրավերով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին:

Ֆորումն այս տարի անցկացվում է «Անասնաբուծության ապագայի ուրվագծում՝ կայուն, պատասխանատու և արդյունավետ կերպով» խորագրի ներքո:

Հունվարի 20-ին Առաքելյանը կմասնակցի գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 10-րդ համաժողովին: Նախարարը նաև կայցելի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան` քննարկելու Հայաստանի ագրարային բնագավառի մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերը, կմասնակցի «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը, հաղորդում է գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: