Անցյալ շաբաթ Արևելաչինական ծովում վթարի ենթարկված իրանական նավթային տանկերից նավթը սկսել է արտահոսել ծովի մակերևույթ:
Չինաստանի պետական Օվկիանոսների ադմինիստրացիան հայտարարել է, որ ծովի վրա արդեն երեք նավթային հետք են հայտնաբերել՝ 18, 15 և 5 կիլոմետրանոց:
Անհետ կորածների որոնողական աշխատանքները դադարեցվել են: Նրանք այժմ համարվում են մահացած:
Հիշեցնենք, հունվարի 6-ին Հարավային Կորեա ուղևորվող իրանական նավթային տանկերը՝ 32-հոգանոց անձնակազմով, բախվել է չինական բեռնատար նավի, ինչի հետևանքով տանկերի վրա հրդեհ է բռնկվել, և այն մեկ շաբաթ անց խորտակվել է: Փրկարարները հայտնաբերել են երեք մարմին, տանկերի անձնակազմի մյուս 29 անդամները անհետ կորած էին համարվում:
Չինաստանի իշխանությունները էկոլոգիական աղետի մասին մտահոգություններ են հնչեցնում: Շանհայի ծովային որոնողական և փրկարարական կենտրոնը հայտարարել է, որ սկսում է ծովի մակերևույթը մաքրելու գործընթացը: