Միջազգային հանրությունը կոչ է անում կողմերին չսրել իրադրությունը Կոսովոյում

Օլիվեր Իվանովիչի տան մոտ բազմություն է հավաքվել, Կոսովո, Միտրովիցա, 16-ը հունվարի, 2018թ․

Միջազգային հանրությունը, նախևառաջ Եվրամիության ղեկավարները, կոչ են անում սերբերին և ալբանացիներին զերծ մնալ Կոսովոյում իրադրության սրմանն ուղղված գործողություններից:

Բրյուսելից այս կոչը հնչեց այն բանից հետո, երբ երեքշաբթի առավոտյան սերբերով և ալբանացիներով բնակեցված Միտրովիցա քաղաքում սպանվեց Կոսովոյում սերբերի առաջնորդ Օլիվեր Իվանովիչը:

Իվանովիչը Կոսովոյի սերբերի շահերը ներկայացնող «Ազատության, ժողովրդավարության և արդարության կուսակցության» առաջնորդն էր։ Նախկինում նա Սերբիայի կառավարության կազմում զբաղեցնում էր Կոսովոյի և Մետոխիայի հարցերով պետնախարարի պաշտոնը:

2016-ին Իվանովիչը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով 90-ականների վերջին չորս ալբանացիների սպանության մեջ: Հետագայում, սակայն, առաջին ատյանի դատարանի վճիռը չեղյալ հայտարարվեց և նոր դատավարություն նշանակվեց: Մինչև նոր դատավարության մեկնարկը Իվանովիչը ազատության մեջ էր:

Հայտնի քաղաքական գործչի սպանությունից մի քանի ժամ անց Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որի ավարտին հանդես եկավ հայտարարությամբ:

«Սերբական պետության տեսանկյունից տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն էր: Մենք արդեն իսկ հանձնարարել ենք ներքին գործերի նախարարությանը, Անվտանգության ծառայությանը, մյուս իրավապահ կառույցներին տեղեկատվություն հավաքագրել այս հանցագործության մասին: Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նաև որոշում կայացվեց հատուկ նամակով դիմել ՄԱԿ-ի և Եվրամիության կառույցներին` ոչ թե խնդրանքով, այլ պահանջով, որպեսզի Սերբիայի իրավապահ մարմինները ևս Իվանովիչի սպանության հետաքննությանը մասնակցելու հնարավորություն ստանան», - հայտարարում էր Սերբիայի նախագահը:

Իվանովիչ սպանության հետաքննության վերահսկողությունը, սակայն, առայժմ գտնվում է Կոսովոյի ալբանական իշխանությունների ձեռքում: Կոսովոյի ոստիկանությունն արդեն իսկ 10 հազար եվրոյի վարձատրություն է խոստացել սերբ քաղաքական գործչի սպանության վրա լույս սփռող ցանկացած նշանակալի տեղեկատվության համար:

Կոսովոյի ալբանացի վարչապետ Ռամուշ Հարադինայը ևս սպանությունից քիչ անց Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, սակայն Կոսովոյի կառավարության ներկայացուցիչները հայտարարում էին, որ այն նվիրված էր ոչ թե Իվանովիչի սպանությանը, այլ երկրում տիրող ընդհանուր կացությանը:

Իվանովիչի սպանությունն արդեն իսկ ազդել է Պրիշտինայի և Բելգրադի առանց այդ էլ բարդ հարաբերությունների վրա:

Սերբիայի կառավարությունը երեկ որոշեց դադարեցնել Կոսովոյի իշխանությունների հետ ընթացող այսպես կոչված տեխնիկական բանակցությունները:

Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայը հայտարարել է, որ պաշտոնական Բելգրադը Իվանովիչի սպանությունը որպես պատրվակ է օգտագործում՝ «արգելափակելով ալբանացիների և սերբերի հարաբերությունների բարելավմանն ուղղված բանակցային գործընթացը»: