Մինո Ռայոլա. «Սանչեսն է Մխիթարյանի գործարքի մաս կազմում, ոչ թե հակառակը»

Արխիվ

Մխիթարյանի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան ասել է, որ հնարավոր տրանսֆերի գործարքը կախված է Հենրիխ Մխիթարյանից, և «Մանչեսթր Յունայթեդը» «Արսենալի» խաղացող Սանչեսի հետ պայմանագիր չի ստորագրի, քանի դեռ «Միկին չի համաձայնի միանալ «Արսենալին»:

«Միկին կորոշի իր համար լավագույն տարբերակը, նա դեռ երկուսուկես տարվա պայմանագիր ունի «Մանչեսթր Յունայթեդի» հետ, դա ինքը պետք է որոշի»,- The Times-ին ասել է Ռայոլան: Մինո Ռայոլան հնարավոր գործարքը հակառակ ձևակերպմամբ է ներկայացրել, ասելով՝ «Սանչեսն է Մխիթարյանի գործարքի մաս կազմում, ոչ թե հակառակը: Առանց Մխիթարյանի համաձայնության Սանչեսը, հավանական է, չի կարող տեղափոխվել «Մանչեսթր Յունայթեդ»:

Ավելի վաղ The Sun-ը հաղորդել էր, թե «Մանչեսթր Յունայթեդը» չիլիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «Արսենալին» առաջարկում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ՝ «գումարած Հենրիխ Մխիթարյանին»:

Նա ասել է, որ Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակման տարբերակն ինքն առաջարկել է դեռ ամիսուկես առաջ, վերջերս էլ հանդիպել է «Արսենալի» ղեկավարների հետ: Մինո Ռայոլան «Մանչեսթր Յունայթեդում» հանդես եկող Մխիթարյանից բացի նաև Պոգբայի, Լուկակուի, Իբահիմովիչի և Ռոմերոյի գործակալն է:

Ֆրանսահայ լրագրող Թիբո Վեզիրյանը «Թվիթերի» իր էջում գրել է, որ Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Արսենալ», իսկ Ալեքսիս Սանչեսը տեղափոխվում է «Մանչեսթր Յունայթեդ»: Ըստ նրա՝ հարցն արդեն լուծված է: Բայց այդ լուրը հաստատող պաշտոնական որևէ հաղորդագրություն այս պահին չկա: