Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ Կիևում

Ուկրաինա - Բախումները Գերագույն ռադայի շենքի մոտ, 16-ը հունվարի, 2018թ․

Այսօր Կիևում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ, որը քննարկում էր ռուս անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջանների վերաինտեգրման մասին օրենքի նախագիծը:

«Ազատության» ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ ցուցարարները անվադողեր են վառել և փորձել այրել Ռուսաստանի դրոշը: Բախումները սկսվել են այն հատվածում, որտեղ ցուցարարները անցյալ տարի վրանային ճամբար են տեղադրել: Կա մեկ ձերբակալված:

Ցուցարարները օրենսդիրներից պահանջում են անհապաղ ընդունել վերաինտեգրման մասին օրինագիծը, որում պետք է ընդգծվի, որ Ուկրաինայի արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջանների անջատականներին 2014 թվականից աջակցող Ռուսաստանը ագրեսոր է: