Երթուղային գծերի վարորդները գործադուլ են արել՝ բողոքելով գազի թանկացման դեմ

Երթուղային գծերի վարորդները գործադուլ են անում, Երևան, 16-ը հունվարի, 2018 թ․

Երևանյան մի քանի երթուղային գծերի վարորդներ այսօր վաղ առավոտյան գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացման դեմ:

«Մեր պահանջը՝ թող մեր գազի գինն իջացնեն, որ մենք կարողանանք աշխատենք, թող որակը լավացնեն», «Վարորդ ենք, աշխատում ենք առավոտից իրիկուն, առանց կոպեկ մտնում տուն: Որ դուք աշխատանքի գաք, բան չաշխատեք, կաշխատե՞ք հաջորդ օրը», «Ինչքան էինք վճարում նախկինում վառելիքի համար, հիմա ինչքան»,- բողոքում էին երթուղային միկրոավտոբուսների վարորդները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ գազի թանկացումը նկատելի է, սակայն հարցն ակցիաների միջոցով չէ, որ պետք է լուծել: «Տարիներ շարունակ ասել ենք, որ տրանսպորտի խնդիր ունենք: էնպես չի, որ էսօր առաջացավ էդ խնդիրը: Հարցի լուծումը քննարկվում է վերևներում»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը՝ գործադուլ անող մի քանի տասնյակ վարորդներին հորդորելով շարունակել աշխատանքը:

Տրանսպորտի գծով քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանն էլ ասաց՝ վառելիքի գինն իջեցնել չեն կարող, բայց կփորձեն երթուղիները շահագործողների հետ հարցին լուծում տալ: «Կազմակերպված ձևով մենք բոլոր [հարցերը] կհարթենք ձեր սպասարկող օպերատորների հետ, լավ կլինի»,- խոստացավ Գևորգյանը: Բողոքողները հակադարձեցին․ «Էդ տաք բարձերը շատ ենք տեսել»: «էս մի բարձն ուրիշ է»,- պատասխանեց տրանսպորտի գծով քաղաքապետի խորհրդականը: Քիչ ավելի ուշ վարորդները դադարեցրին գործադուլը, հայտարարելով՝ կշարունակեն բողոքի գործողությունները, եթե իրենց պահանջները չկատարվեն:

Հունվարի 1-ից ուժի մտած հարկային նոր օրենսգրքով բարձրացել է ակցիզային հարկի դրույքաչափը, ինչի հետևանքով 10-15 տոկոսով թանկացել են բենզինը, դիզվառելիքն ու ավտոմեքենաների լիցքավորման գազը: Եթե մոտ մեկ ամիս առաջ, օրինակ, Regular տեսակի բենզինն արժեր 390 դրամ [1 լիտրի դիմաց] , այսօր երևանյան բենզալցակայաններում մեկ լիտրը վաճառվում է 430 դրամով:

Առավել զգալի է գյուղացիների համար անհրաժեշտ դիզվառելիքի թանկացումը (390 դրամից հասել է 440-ի): Ամենից շատ թանկացել է գազը․ վարորդները մեկ խորանարդ մետր սեղմված գազի դիմաց արդեն վճարում են 210-220 դրամ, մինչդեռ անցած տարվա վերջին լիցքավորում էին 180-190 դրամով: