Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում՝ անդամավճարները ժամանակին մուծելու համար

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Հայաստանը ներառվել է 2018 թվականի ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, այս ամիս Հայաստանի կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 145 հազար 843 դոլար՝ որպես անդամակցության գծով 2018-ի տարեկան անդամավճար:

Պատվո ցանկում ընդգրկվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները: 2018-ի հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 7-ը, ասված է հաղորդագրությունում: