Թանկացումները մենաշնորհային տնտեսության հետևանք են. Արմեն Մարտիրոսյան

Թանկացումները ոչ միայն Հարկային օրենսգրքի փոփոխություններով են պայմանավորված, այլև կապված են կառավարման համակարգի տնտեսական բաժնի հետ, իսկ տնտեսական դաշտը Հայաստանում ամբողջովին մոնոպոլացված է, այսօր «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով թանկացումներից։

Մարտիրոսյանի գնահատմամբ, Հայաստան ներկրումներ իրականացնում են 4-5 ընտանիք, որոնք էլ վերահսկում են ապրանքային շուկան, հետևաբար, թանկացումները, ըստ «Ժառանգության» փոխնախագահի, մենաշնորհային տնտեսության հետևանք են։

«Խնդիրը դա է, եթե մենք ունենայինք նորմալ մրցակցային դաշտ, եթե մենք ունենայինք նորմալ բաց տնտեսություն, այդ թվում՝ նաև ներմուծումների, առևտրի ոլորտում, մենք երբևիցե այս խնդիրը չէին ունենա, որովհետև ակցիզային հարկի բարձրացումը կգնար շահույթից՝ խոշոր տնտեսվարողների կամ բիզնես իրականացնողների շահույթից, և ոչ թե կգար գնաճի հերթական փուլը կդրսևորվեր։ Դրա համար, այն մենաշնորհային տնտեսությունը, որ գոյություն ունի Հայաստանում, դա է պատճառը, և ոչ թե օրենսդիր քայլերով ինչ-որ բան փոխվի, առավել ևս, որ Հայաստանում օրենսդիր քայլերով ոչինչ չի փոխվում», - ասաց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք՝ տարեսկզբից Հայաստանում մինչև 15 տոկոսով թանկացել են բենզինն ու մեքենաների լիցքավորման գազը, գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքը։