Հայաստանի խորհրդարանը այսօր 91 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։
Նախքան քվեարկությունը հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ նախագծի հեղինակներն իր առաջարկները հաշվի չեն առել։ «Նախ՝ որևէ ցեղասպանության ճանաչման բանաձևում, ճանաչում արտահայտությունը չի օգտագործվում, դատապարտումը դա ինքնին ճանաչման ակտ է, երկրորդ՝ փաստաթղթավորված նյութերը ենթադրում են Մերձավոր Արևելքի այդ տարածքում եզդի, քրիստոնյա այլ էթնիկ փոքրամասնությունների և ոչ սունի մահմեդական խմբերի ցեղասպանության իրականացում։ Մենք շատ երկրների մեղադրում ենք ընտրովի մոտեցման մեջ, և ես խնդրում եմ չկրկնել այդ սխալը, ես խնդրում եմ իրերն անվանել իրենց անուններով և ամբողջական դատապարտել», - հայտարարեց Ֆարմանյանը։
Նախագծի հեղինակներից Արմեն Աշոտյանն արձագանքեց՝ ասելով, որ տվյալ ճանաչումը վերաբերում է կոնկրետ Իրաքի տարածքում կոնկրետ եզդիների հանդեպ գործած ցեղասպանությանը։ «Ես չեմ բացառում, որ խորհրդարանն իր գործունեության արդյունքում կանդրադառնա նաև Սիրիայում և Մերձավոր Արևելքի այլ տարածքներում տեղի ունեցած ողբերգություններին, այդ թվում՝ այլ ժողովուրդների հետ կապված», - ասաց Աշոտյանը։