Իրավապաշտպանը Վիգեն Սարգսյանի գրառումը «չհաջողված PR քայլ» է որակում

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «չհաջողված PR քայլ» է որակում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Ֆեյսբուքում կատարած գրառումը։

Իրավապաշտպանի գնահատմամբ, փող հավաքելով ուղղակի արդեն շահարկում են զինվորին։ «Վիգեն Սարգսյանը հանրությանը ներկայացավ պարտադիր 1000 դրամների հավաքումով, ընդ որում հիմնավորումները՝ այդպես հայրենասիրական, հանուն զինվորի, պարտադրելով մարդկանց՝ պահեցին աշխատավարձերից։ Լավ, հիմա դուք պարտադրեցիք, հավաքեցիք էդ գումարը, բայց պարզվեց, որ նորից գումար պետք է հավաքեն, և այդ 1000 դրամները ոչ մի կերպ չի տարածվում այն մարդկանց վրա, ովքեր սահմանին չեն վիրավորվել», - ասաց Ալեքսանյանը՝ շարունակելով. - «Շատ հակասական է նախ իր հայտարարությունն՝ այս տղան որտե՞ղ է վիրավորվել, իրենց ներքին հարաբերությունների արդյունքում, այսինքն՝ սպան կրակել է զինվորի գլխին, դարձրել է նրան առաջին կարգի հաշմանդամ։ Հերիք չի, որ սպան ազատության մեջ է, որակել են զենքի հետ կանոնների խախտում։ Ենթադրենք դա տենց է, չնայած լավ գիտենք, թե ինչպես է այստեղ քննությունն անցկացվում, հետո նրանք տվել են նաև բնութագիր այդ տղային, որ նա անբասիր ծառայում է բանակի շարքերում, և հիմա Վիգեն Սարգսյանի այդ գրառումը, որ նա զինվորի կողքին է կանգնած, և երբ որ նրանք փող են հավաքում, ուղղակի շահարկում են զինվորին՝ փող են ուզում, 1000 դրամ, զինվորը, հայրենիքը, բանակը...»։

Նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, երեկ քննադատելով պաշտպանության նախարարի դրամահավաքի կոչը, ասել էր, թե նախարարին «հարիր չէ» նման առաջարկով հանդես գալը։

«Ցանկացած հարց, ինչ առաջանում է ՊՆ-ում, Վիգեն Սարգսյանն առաջարկում է փող հավաքել, ինչը, միանշանակ, պաշտպանության նախարարի գործառույթ չէ, էդ խնդիրներն այդպես չեն լուծում, էդ խնդիրները լուծման պետական ճանապարհներ ունեն, և պաշտպանության նախարարը երկու ոտքը մի կոշիկ դրած պետք է սեղմեր, որ էդ պետական ճանապարհները հնարավորինս բացվեին Պաշտպանության նախարարության համար, ոչ թե դիմեր ժողովրդին։ Էդ «Հայաստան» հիմնադրամի ֆունկցիան է», - ասել էր նախկին վարչապետը։

Հարցին, թե Վիգեն Սարգսյանը չէ՞ր կանխատեսել, որ պետության պարտականություն գոյություն ունի, Ալեքսանյանն այսպես արձագանքեց. - «Նրանք այդ պատասխանատվության զգացումը չունեն։ Օրենքը կեղծ է։ Որ ասում են՝ «օրենքով չեն կարող», չհասկացանք, դուք եք էդ 1000 դրամները սարքել՝ ում կարելի է, ում չի կարելի, հետո, ուրեմն, մեռնի՞ էդ զինվորը, որ դուք չեք կարող»։

Մեկ այլ հարցին, թե PR էլեմենտ տեսնո՞ւմ է նախարարի այս քայլում, իրավապաշտպանը պատասխանեց. - «Այո՛, նա գուցե փորձում էր դրանով, բայց չհաջողվեց, կարծում եմ, որովհետև հաշվի չեն նստում հանրային կարծիքի հետ»։

Հիշեցնենք՝ անցած շաբաթ օրը ֆեյսբուքյան իր էջում Վիգեն Սարգսյանը գրառում էր կատարել՝ կոչ անելով վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում բուժելու համար հավաքել 45 հազար դոլար։

«Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այն հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկերներ կտրամադրենք պահանջվող գումարի՝ 45 հազար դոլարի 10-ը տոկոսը», - պարզաբանել էր Վիգեն Սարգսյանը՝ կոչ անելով բոլորին միանալ դրամահավաքին:

Ժաննա Ալեքսանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.