Ըստ Freedom House-ի զեկույցի, Հայաստանը վերստին «մասամբ ազատ» երկրների ցանկում է

Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2018 թվականի զեկույցը

«Մասամբ ազատ» է նաև Լեռնային Ղարաբաղը:

Դեմոկրատիան նահանջում է ամբողջ աշխարհում, ինչին նպաստում է Ամերիկայում դեմոկրատական չափանիշների արագ քայքայումը: Այս տխուր եզրահանգումն արձանագրված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում - 2018» զեկույցում:

Տարեկան զեկույցի հեղինակները վերլուծում են քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակն աշխարհում:

Freedom House-ը «Ազատությունն աշխարհում» զեկույցում երկիրը կամ վիճելի տարածքը գնահատում է երեք գործոնով՝ ազատության ցուցիչ, քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություններ: Առավել ազատության աստիճանը 1 միավորն է, առավել ոչ ազատը՝ 7: Հայաստանն այդ սանդղակով ստացել է 4.5 միավոր, քաղաքական իրավունքների առումնով վիճակն ավելի վատ է՝ 5 միավոր, քաղաքացիական ազատությունների առումով՝ աննշան բարելավում՝ 4 միավոր:

Ընդհանուր հաշվարկով առավել ազատ երկրները կարող են վաստակել 100 միավոր, ոչ-ազատները՝ 0: Ընդհանուր հաշվարկով Հայաստանն ունի 100 հնարավորից 45 միավոր, ինչն էլ երաշխավորել է «մասամբ ազատ» երկրների շարքում տեղը պահպանելը:

Այս տարի գրանցվել է բացասական ևս մեկ հանգամանք՝ մամուլի առումով Հայաստանը «ոչ-ազատ» է, դա անփոփոխ է մնում: Համացանցի առումով Հայաստանն անցյալ տարի «ազատ» էր, բայց այս տարի արդեն՝ «մասամբ ազատ»: Freedom House-ը նշում է, որ առանձին երկրների զեկույցները դեռ ամփոփվում են և կհրապարակվեն, այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե որն է համացանցի ազատության ոլորտում նահանջի պատճառը:

Նախկին խորհրդային երկրներից «մասամբ ազատ» են Վրաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան և Ուկրաինան: «Ոչ-ազատ» են հարևան Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

Եվրոպական զարգացման ուղին ընտրած նախկին խորհրդային բալթյան բոլոր երեք հանրապետությունները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, ազատ են:

Ուշագրավ է, որ «վիճելի տարածք» կարգավիճակով զեկույցում ներառված Աբխազիան և Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» են, իսկ Ղրիմը, Հարավային Օսիան և Մերձդնեստրը՝ «ոչ ազատ»:

Հարևաններից Թուրքիան տեղափոխվել է «ոչ-ազատների» խումբ, որտեղ նաև Իրանն է: Թուրքիայի նահանջը բացատրվում է 2016 թվականի ձախողված հեղաշրջումից հետո տասնյակ հազարավոր ենթադրյալ և իրական ընդդիմախոսներին հալածելու և բանտեր նետելու, գիտնականների, դասախոսների, մտավորականների և մամուլի վրա հարձակումներ կատարելու նախագահ Ռեջեփ Էրդողանի գործելակերպով և Թուրքիայում իշխանության որդեգրած ընդհանուր անհանդուրժողական քաղաքականությամբ:

Երկու հսկաներ՝ Չինաստանն ու Ռուսաստանը դեմոկրատիայի նահանջն օգտագործել են ներսում հալածանքները սաստկացնելու և արտասահմանում իրենց «չար» ազդեցությունը խթանելու համար:

Մոլորակի բնակչությունը 7 միլիարդ 400 միլիոն է: Մարդկանց 39 տոկոսն ապրում է «ազատ» երկրներում, 24 տոկոսը՝ «մասամբ ազատ», և 37 տոկոսը՝ «ոչ-ազատ»: Զեկույցում նշված 195 պետությունների 45 տոկոսն «ազատ» է, 30 տոկոսը՝ «մասամբ ազատ», 25 տոկոսը՝ «ոչ-ազատ»:

Զեկույցի հեղինակները նշում են, որ Միացյալ Նահանգներում անցած 7 տարում նահանջ է նկատվել: Սակայն, 2017-ին անկումն արագացել է, ինչի պատճառներն են դիտվում 2016 թվականին ռուսների միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին, նոր վարչակազմի, այդ թվում՝ հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից էթիկայի հիմնարար չափանիշների ոտնահարումը, կառավարության աշխատանքի թափանցիկության նվազումը:

Մասնավորապես, Freedom House-ը մտահոգություն է հայտնում մամուլի վրա Թրամփի հաճախակի դարձած հարձակումների կապակցությամբ, քանի որ դրանք ի վերջո կարող են սահմանափակել ազատ և անկախ լրատվամիջոցներից տեղեկություններ ստանալու հասարակության իրավունքը:

Այդպիսով, Միացյալ Նահանգները 100-բալլանոց սանդղակով ունի 86 միավոր, զիջում է Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային, սակայն միևնույն է բարձր տեղ է գրավում «ազատ» երկրների շարքում:

Աշխարհի «ոչ-ազատ» երկրների ցուցակում վերջին հինգ տեղերում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հարավային Սուդանը և Սիրիան: