Նավալնին հրապարակում է հերթական «կոռուպցիոն» հետաքննության արդյունքները, «միլիարդներ են մսխվել»

Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանի կառավարությունը պահանջում է լուծարել Նավալնիի հիմնադրամը

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ պահանջելով լուծարել «Տարվա հինգերորդ եղանակ» հիմնադրամը, որը կազմակերպում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի քարոզչական արշավը: Հենց այս հիմնադրամն է, ըստ էության, աշխատանքի ընդունում Նավալնիի շտաբերի աշխատակիցներին, նրանց աշխատավարձեր վճարում ու տարածքներ վարձակալում հավաքների համար: Մոսկովյան դատարանը ՌԴ Արդարադատության նախարարության հայցը կքննի մեկ շաբաթից՝ հունվարի 22-ին:

Առաջին անգամը չէ, որ Նավալնիի հիմնադրամը հայտնվում իշխանությունների թիրախում: Ամիսներ առաջ էլ Արդարադատության նախարարության աշխատակիցներն արտահերթ ստուգումների համար էին թակել «Տարվա հինգերորդ եղանակի» դուռն ու շաբաթներ շարունակ կաթվածահար արել այդ կառույցի աշխատանքները: Դա տեղի էր ունեցալ այն բանից հետո, երբ Կրեմլին մոտ կանգնած իրավաբաններից մեկը՝ Իլյա Ռեմեսլոն, ընդդիմադիր գործչին մեղադրել էր ֆինանսական մեքենայությունների մեջ:

Մինչ իշխանությունները մեծացնում են ճնշումը Նավալնիի և նրա աջակիցների նկատմամբ, Պուտինի մոլի քննադատ, կոռուպցիայի դեմ իր ծավալած պայքարով հայտնի այս գործիչը Կրեմլին վերաբերող նոր փաստեր ու թվեր է հրապարակում: Հենց այսօր Նավալնիի պաշտոնական կայքում տեղադրված հետաքննությունը պնդում է՝ Ռուսաստանի պահուստային ֆոնդը, որում տարիներ շարունակ կուտակվում էին նավթի վաճառքից ստացված եկամուտները, տարեսկզբին լուծարվել է, դրանում եղած գումարներն էլ՝ անհետացել: Պաշտոնական բացատրության համաձայն, հիմադրամի հաշվին միջոցներն այնքան քիչ են եղել, որ կառավարությունը նպատակահարմար է գտել դրանք միավորել Ազգային բարեկեցության հիմադրամի միջոցների հետ:

«Այդ դեպքում ու՞ր անհետացան մեր բոլորի նավթադոլարները»,- հարց է հնչեցնում ընդդիմաիդիր գործիչը, հիշեցնելով՝ դեռ մի քանի տարի առաջ այդ հիմնադրամի հաշվին ոչ ավել, ոչ պակաս՝ 972 միլիարդ ռուբլի կար: Կառավարության հավաստմամբ, դրանց հաշվին ֆինանսավորվել են բյուջեի մի շարք կարևոր ծրագրեր, մինչդեռ, Նավալնիի նոր հետաքննությունը բոլորովին այլ պատկեր է բացահայտում:

«77 միլիարդ տրամադրվել է լրատվամիջոցներին, որպես պետական աջակցություն, 108 միլիարդ՝ «Վնեշէկոնոմբանկի» գողերին, բանկ, որը ֆինանսավորում էր կոռուպցիոն ու ակնհայտ անհեռանկար ծրագրեր: Այս գումարները, բնականաբար, որևէ մեկը չի վերադարձրել, վնասն էլ փոխհատուցվել է մեր նավթային եկամուտների հաշվին: 194 միլիարդ ռուբլի, որպես դոտացիա՝ Ղրիմին, 68 միլիարդի սուբսիդիա էլ՝ Ռուսական երկաթգծին: Իհարկե մենք պարտավոր ենք սուբսիդավորել այս ընկերությունը, չէ՞ որ պատմել ենք, որ պետական այդ ընկերության նախկին տնօրենը առանձնատներ է կառուցել՝ հատուկ մորթե վերարկուների պահեստարանով: Նրան ակնհայտորեն պետք է հավելյալ աջակցություն տրամադրել»,- հեգնում է ընդդիմադիր գործիչը:

Սակայն այսքանով Նավալնիի բացահայտումները չեն ավարտվում, վերջինս պնդում է, թե Կրեմլը մսխում է նաև «Ազգային բարեկեցության հիմնադրամի» միլիարդները, որոնցով, ըստ կանոնադրության, պետք է երաշխավորվեր ռուսաստանցիների ապահով ապագան: «Օրինակ՝ 3 միլիարդ դոլար այստեղից մենք որպես աջակցություն տվել ենք Վիկտոր Յանուկովիչին, երբ նա վերջին օրերն էր անցկացնում Ուկրաինայի նախագահի պաշտոնում: Այդ գումարները, հասկանալի է, վաղուց են մոխրացել: Վլադիմիր Պուտինի փեսան՝ Կիրիլ Շամալովը, վարկ է ստացել «Սիբուր» ընկերության համար, որի բաժնետերերից մեկն է: 150 միլիարդ ռուբլի է ստացել Պուտինի ընկեր Գենադի Տիմչենկոն՝ իր ընկերության՝ «Նովատեկի» համար:

«Մեր երկրին բարգավաճման պատմական հնարավորություն էր տրված, սակայն մենք այն օգտագործեցինք, որպեսզի Պուտինի փեսային, ընկերներին ու հենց Պուտինին հարուստից դարձնենք շատ հարուստ»,- պնդում է Նավալնին՝ ռուսաստանցիներին կոչ անելով բոյկոտել մարտին կայանալիք նախագահական ընտրությունները: Նավալնիի աջակիցներն այսօր դիմել են Մոսկովյան իշխանություններին՝ հունվարի 28-ին հանրահավաք ու երթ անցկացնելու համար, որի ընթացքում մտադիր են ներկայացել բոյկոտի ծրագիրը: Ընդ որում, Նավալնիի շտաբի հաղորդմամբ՝ իրենք մտադիր են իրազեկման նման երթեր ու հավաքներ անցկացնել ռուսաստանյան 100 մեծ ու փոքր քաղաքներում:

Իշխանություններն, իրենց հերթին, մտադիր չեն ձեռքերը ծալած նստել: Դեռ անցած ամիս նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրապարակավ առաջարկել էր իրավապահներին՝ ստուգել, թե որքանով են Նավալնիի հայտարարությունները համապատասանում ռուսաստանյան օրենսդրությանը: Այսօր արդեն փորձագետները չեն բացառում, որ Կրեմլի հրահանգով Ռուսաստանի խորհրդարանը կարող է արագացված կարգով օրեսդրական փոփոխություններ ընդունել և քվեարկությունը բոյկոտելու կոչերը դարձնել քրեորեն պատժելի, ասենք՝ «ծայրահեղականության դեմ պայքարի» շրջանակներում: