2017 թվականին պաշտոնական տվյալներով գնաճը էական չի եղել, մինչդեռ իրականությունը ըստ մասնագետների պաշտոնական թվերից դուրս է։ Գաղտնիքը հաշվարկի ձևի մեջ է։
Ազգային վիճակագրական ծառայությունը հայտարարում է, որ 2017 թվականի նոյեմբերի դրությամբ գնաճը մեկ տոկոսի էլ չի հասնում, այն կազմել է 0.8 տոկոս։ Այս հաշվարկը կատարվել է 450-ից ավելի ապրանքների և ծառայությունների գների փոխլրացմամբ։ Ըստ այդ ցանկի օրինակ խոզի մսի գնի 40 տոկոս բարձրացումը կարող է կոմպենսացվել խառը կանաչու գնի 27 տոկոս իջեցմամբ։ արդյունքում վերջնական հաշվարկում գնաճը էական չէ։ Թղթի վրա ամեն ինչ նորմալ է, բայց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի խոսքով ակնհայտ է, որ սոցիալական տարբեր խմբերի վրա ազդեցությունը տարբեր է։
«Մարմիններ կան, որ ամեն ինչ հիմնավորում են։ Թվաբանության մեջ չեն լուծումները», ֊ «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց տնտեսագետը։ ֊ «Այլ բան է, որ իշխանությունը պետք է լինի այնպիսին, որ փորձի ներկայացնել, մեկնաբանել և փորձի նաև ծրագրեր մշակել և հետագայում իրականացնել, և ոչ թե այսպիսի անպատասխանատու կեցվածք ընդունել»։
Նույն պաշտոնական թվերով օրինակ կարագը թանկացել է 40 տոկոսով, փոխարենը հեռախոսի նորոգումը 15 տոկոսով էժանացել է։ Թանկացել է կարտոֆիլը՝ 29 տոկոսով, փոխարենը հատակի ծածկն է 4 տոկոսով էժանացել։ Այս ցանկը կարելի է շարունակել, մինչդեռ ազգային վիճակագրական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հաշվարկի այս ձևը ամբողջ աշխարհում է կիրառվում, իսկ մեթոդաբանությունը մշակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հակադարձում է՝ տարբեր երկրներում նաև կարևորագույն ապրանքների գնաճի հաշվարկներ են արվում, մինչդեռ Հայաստանում նրա կարծիքով դա չեն անում, քանի որ հուսադրող պատկեր չի ստացվի։ Փոխարենը տնտեսագետը ինքն է մոտավոր հաշվարկներ արել. ըստ այդմ՝ ամսվա ընթացքում հաճախ գնվող 50 ապրանքների մասով գնաճը նվազագույնը 15 տոկոս է կազմում։
«Ես շաբաթական մի քանի անգամ կարտոֆիլ եմ առնում կամ ձու եմ առնում, ու ամեն անգամ հիշում եմ՝ նախկինում ինչքան է եղել ու իմ մոտ ասոցացվում է, որ՝ կարագի գինը բարձրացավ, մսինը բարձրացավ, ձուն բարձրացավ», ֊ պարզաբանում է Խաչատրյանը։
90-ականներին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը զբաղեցրած Բագրատ Ասատրյանի կարծիքով էլ միայն վերջին 4 ամիսներին աղքատները 10 տոկոսով ավելի են աղքատացել, իսկ աղքատության մակարդակը 5-6 տոկոսով աճել է։
«Մենք ամենաաղքատն ենք տարածաշրջանում։ Մենք ավելի աղքատ ենք, քան վրացին, ավելի աղքատ ենք, քան Ադրբեջանը, Թուրքիան և Պարսկաստանը։ Նման բան պատմականորեն չի եղել, և սա մեր փառապանծ իշխանությունների ամենամեծ ձեռքբերումն էր», ֊ ասում է տնտեսագետը։
Ասատրյանի խոսքով՝ միայն նախորդ տարվա վերջին երեք ամիսներին սննդամթերքը 9.1 տոկոսով թանկացել է, իսկ հունվարից էլ թանկացումների նոր ալիք է սկսվել, որի հաշվարկները դեռ չկան։ Տնտեսագետի կարծիքով՝ նպատակային սոցիալական քաղաքականություն է պետք, մինչդեռ ինքը միայն «աղքատները միս չեն ուտում» ոճի ելույթներ է լսել։
«Գիտե՞ք ինձ ինչն է ամենաշատը հուզում և զայրացնում՝ իշխանության բութ անտարբերությունը այս երևույթի նկատմամբ։ Հրապարակում են, ու կարծես հասարակությունը պետք է ընդունի և այլն։ Ո՛չ, իշխանության պարտքն է նախ երևույթը ներկայացնել, երկրորդը՝ միջոցներ ձեռնարկել», ֊ ասում է ԿԲ նախկին նախագահը։
Բագրատ Ասատրյանի տպավորությամբ իշխանությունը միայն մեծահարուստների համար է գործում։ «Առաջիկայում կենսաթոշակի և աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ», ֊ հիշեցնում է նա։