Իշխանությունները ստվերի կրճատման խնդիր չեն դրել. տնտեսագետ

Ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, Հայաստանում դասական առումով ստվեր չկա։

Ովքեր ստվերում աշխատում են, ըստ տնտեսագետի, իշխանությանը հայտնի մարդիկ են։

«Բոլորն էլ գիտեն, թե որ բնագավառներում, ինչքան ստվեր կա, և ցանկացած պահի, եթե այդպիսի որոշում կայացվի կամ այդպիսի խիզախություն ցուցաբերվի, ստվերը միանգամից կկրճատվի», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Խաչատրյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում գնաճն ու հարկերի ավելացումը։

Տնտեսագետի համոզմամբ՝ իշխանությունները ստվերի կրճատման խնդիր չեն դրել։

«Ես կարծում եմ, որ այդպիսի խնդիր դրված չէ, որովհետև այսօրվա տնտեսական կամ կառավարման քաղաքական մոդելին շատ հարիր է, որ պետք է լինի հենց ստվեր, որովետև այն քաղաքական գործունեությունը, որ ծավալում է գործող իշխանությունը, ստվերով է պայմանավորված, առանց ստվերի նա ինքը գոյություն ունենալ չի կարող, որովհետև ոչ մեկը չի կարող բացատրել, թե որտեղից այն գումարը, որ ընտրությունների ժամանակ այդ նույն 10 հազար դրամներով բաժանվում է»։

«Իշխանությունները գնում են սպիտակ դաշտում աշխատող մարդկանց նվաստացնելու և մորթելու ճանապարհով»

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի համոզմամբ, իշխանությունները գնում են սպիտակ դաշտում աշխատող, բարձր որակավորում ունեցող մարդկանց նվաստացնելու և մորթելու ճանապարհով։

«Բարոյական խնդիրը կա։ Այսինքն, եթե դու, որպես երկիր, հայտարարում ես, որ դու ոլորտի զարգացմանը նպաստում ես, և միանգամից հարվածում ես, այսինքն՝ քո գործը չի բռնում քո խոսքի հետ, ապա ներդրումների և այլ նմանատիպ բիզնես գործառույթների մասին խոսելը ավելորդ է, որովհետև ներդրողը ուշի ուշով հետևում է իշխանությունների և՛ խոսքին, և՛ գործին։ Կարծում եմ՝ իշխանությունները երկու կոպեկի համար նաև սպանում են ներդրումները, որոնք կարող են ոլորտում լինել», ասաց Կարապետյանը՝ հավելելով. - «Ես կարծում եմ, որ այստեղ ինչ-որ միտում էլ կա, որովհետև այս գործընթացը անց է կացվում նաև միջազգային կազմակերպությունների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համաձայնեցված՝ նրանց հետ բանակցությունների շրջանակում է ընդունվել այս օրենսդրությունը, և Կառավարությունը, փոխանակ այդ բանակցությունների ժամանակ ասի, որ՝ «ես, որպեսզի այդ նախկին պարտքերը վճարեմ, կգնամ սև դաշտից կբերեմ սպիտակ դաշտ, կքչացնեմ ստվերը և այդտեղից այդ գումարը կտամ», նա գնում է ամենահեշտ ճանապարհով՝ սպիտակ դաշտում աշխատող, բարձր որակավորում ունեցող մարդկանց նվաստացնելու և մորթելու ճանապարհով»։

Հիշեցնենք՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում տարեսկզբից մոտ 40 դրամով թանկացել է բենզինն ու մեքենաների լիցքավորման գազը, իսկ գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքի գինը 390-ից հասել է 440 դրամի։ Բացի այդ, 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները, այս ամսվանից արդեն մոտ 2 տոկոսով քիչ կվարձատրվեն՝ եկամտահարկի դրույքաչափերի բարձրացման պատճառով:

«Կիրակնօրյա վերլուծականն» ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.