Քննչական կոմիտեն միշտ թափանցիկ է աշխատել․ կառույցի ղեկավար Աղվան Հովսեփյանն այսօր այսպես արձագանքեց միջին ծանրության երկու հոդվածներով մեղադրվող Սերժ Վարդանյանին անցյալ տարի ստորագրությամբ բաց թողնելու վերաբերյալ հարցին։ Հովսեփյանը վստահեցնում է, թե առաջիկայում ևս կոմիտեն հնարավորության սահմաններում հանրությանը կտեղեկացնի գործի մանրամասների վերաբերյալ։
«Արդյոք իրավաչա՞փ էր այդ երիտասարդին նման միջին ծանրության հոդվածներով ստորագրությամբ ազատ արձակելը», - «Ազատության» այս հարցին Քննչական կոմիտեի նախագահը պատասխանեց․ - «Մենք արդեն ամեն ինչ ասել ենք այս կապակցությամբ՝ մեր լրատվական ծառայությունը, ավելացնելու այսօր ոչինչ չունենք: Մենք թափանցիկ ենք աշխատում և հետագա օրերին նույնպես լրատվությամբ մենք կտեղեկացնենք հանրությանը այդ ամեն ինչին»:
Հանրությանը որպես «Ճըվճըվ Արոյի» որդի հայտնի Սերժ Վարդանյանը կալանավորվեց այս շաբաթ, թեև նրան մեղադրանք էր առաջադրվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերին։ Հետաքրքիր զուգադիպությամբ, կողոպուտի և խուլիգանության մեղադրանքներով Սերժ Վարդանյանը հայտնաբերվեց ու կալանավորվեց, երբ նրա եղբոր՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հունվարի 8-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարից մահացավ երկու ոստիկան։ Իսկ թե ինչու էր մինչ այդ Սերժ Վարդանյանը ազատության մեջ՝ Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն հանդես եկան փոքր-ինչ իրարամերժ հայտարարություններով։
Աղվան Հովսեփյանն այսօր չխոսեց այս թեմայի վերաբերյալ, իսկ նրա խորհրդական Սոնա Տռուզյանը պնդեց, թե Ոստիկանության և իրենց կառույցի հայտարարությունների միջև հակասություն չկա։
Նախկին գլխավոր դատախազ, իսկ 2014 թվականից Քննչական կոմիտեն ղեկավարող Աղվան Հովսեփյանին, ում իրավապաշտպանները մեղադրում են մի շարք հանցագործություններ կոծկելու մեջ, այսօր Ապարանում դիմավորեցին երգ ու պարով, աղուհացով և աղոթքով․ քաղաքը նշում էր հին Նոր տարին։
«Նիգ Ապարան» հայրենակցական միության կողմից Ապարանում կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա էին նաև իշխող Հանրապետականի ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և այլոք։ Հնարավոր է՝ բարձրաստիճան այս պաշտոնյաների ներկայությունն էր պատճառը, որ Ապարանի քաղաքապետը երեք անգամ շնորհավորեց ներկաների 2008 թվականը։
«Եթե մարդ փող չունի, 100 դրամն էլ է թանկ»
Վահրամ Բաղդասարյանն էլ խոսեց այս տարվա հետ մեկնարկած թանկացումներից, ընդգծելով, թե դրանք անխուսափելի են, սակայն գնաճի զսպման տարբերակները գտնելու համար գալիք շաբաթվա ընթացքում խորհրդարանում լսումներ կկազմակերպեն։
«Ես ընդամենը ձեզ կխնդրեմ՝ համբերեք ևս մի քանի օր, բաց լսումներ պետք է կազմակերպենք Ազգային ժողովում, և դուք դրա ամեն ինչին տեղեկացված կլինեք: Պարզապես հասկանալի է՝ քաղաքական զարգացումները այնպիսին են և ժամանակաշրջանը այնպիսին է, որ դա պետք է ավելի շատ շահարկման առարկա դառնա», - լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավարը:
Գալիք ուրբաթ թանկացումների դեմ բողոքի երթ կանցկացնի ընդդիմադիր «Ելք» դաշինքը։ Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը պարզապես փորձում է իր ռեսուրսները ճշտել։
«Թող ուսումնասիրեն, թանկացումներ շատ ենք ունեցել՝ ե՞րբ են երթ արել, կարող է իրանցիների՞ց վարակվեցին: Իրանցիների մոտ հետաքրքիր բան եղավ՝ 15 հոգի, 20 հոգի զոհվեցին, հետո պարզվեց, որ բենզինը չի թանկացել», - հայտարարեց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը՝ շարունակելով․ - «Մենք անցած տարի այս նույն ժամանակահատվածում ունեցել ենք 5 տոկոս գնաճ, այս տարի ընդամենը ունենք 2-2․5 տոկոս գնաճ»:
Տարեսկզբից հայաստանցիների գրպանին հարվածող թանկացումների մասին այսօր խոսեց նաև Ապարանում տոնական միջոցառմանը մասնակցող աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, կարծիք հայտնելով, որ գնաճի հետևանքները մեծ են աշխատատեղերի բացակայության պատճառով։
«Ցավալի է, որ աշխատանքը շատ քիչ է, մարդիկ հնարավորություն չունեն այդ թեկուզ էժան ապրանքը գնելու, որովհետև աշխատանք չկա՝ եթե աշխատեին, ոչ մեկ չէր բողոքի: Պատճառը դա է: Թե չէ՝ այնքան էլ թանկ չի մեր երկրում, կան պետություններ, որ շատ ավելի թանկ է: Բայց եթե մարդ փող չունի, 100 դրամն էլ է թանկ», - ընդգծեց Աբրահամը: