ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչը դատապարտել է Մուխթարլիին ազատազրկելու Բաքվի դատարանի վճիռը

Ադրբեջան - Լրագրող Աֆղան Մուխթարլիին բերում են Բաքվի դատարան, արխիվ

«Կեղծ մեղադրանքներով հետաքննող լրագրողի ազատազրկումը հստակ հարձակում է մամուլի ազատության վրա: Անկախ լրագրողներին լռեցնելը երբեք չի ընդունվի: Հույս ունեմ՝ վերաքննիչ ատյանը այս դատավճիռը չեղյալ կհամարի», - երեկ հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը:

Ավելի վաղ նա Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել դադարեցնել Աֆղան Մուխթարլիի նկատմամբ քրեական հետապնդումը և հարգել ազատ արտահայտվելու նրա իրավունքը:

Հունվարի 12-ին Բաքվի դատարանը Աֆղան Մուխթարլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ սահմանը ապօրինի հատելու, մաքսանենք ճանապարհով դրամական միջոցներ փոխադրելու մեղադրանքներով:

Ադրբեջանցի լրագրողը ընտանիքով տեղափոխվել էր Վրաստան: 2017-ի մայիսին Թբիլիսիում նա անհետացել էր ու հայտնվել Բաքվի բանտում: