Անցած մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 200 անգամ, արձակվել է 2000 կրակոց․ ԼՂ ՊՆ

ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հունվարի 7-13-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2 հազար կրակոց, հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների, ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում: