Նախագահի գլխավորությամբ ՊՆ-ում քննարկվել է ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երեկ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ զեկուցվել են 2017 թվականի հոկտեմբերի 24-ին նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքում մշակված այդ ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Ընդգծվել է, որ, հաշվի առնելով առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս կանխատեսվել են իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

Նախագահին ներկայացվել է նաև, որ հունվարի 4-ին ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկած յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումները շարունակվել են օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։

Սերժ Սարգսյանը կարևորել է ներկայացված ծրագրի նախագծի առարկայական քննարկումը՝ ընդգծելով, որ դրա արդյունքներից է կախված լինելու Զինված ուժերի կառավարման արդյունավետությունը, պատրաստականության ու մարտունակության աստիճանի բարձրացումը, որը հնարավորություն կտա, ունենալով ժամանակակից Զինված ուժեր, անձեռնմխելի պահել պետության սահմանները:

Նախագահը նշել է, որ ստեղծման օրվանից ՀՀ Զինված ուժերը մշտապես գտնվել են զարգացման գործընթացում, որն այժմ հասել է մի փուլի, երբ պետք է ունենալ ավելի երկարաժամկետ զարգացման ծրագիր, որը կվերաբերի ինչպես Զինված ուժերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այնպես էլ զինատեսակների արդիականացմանը: