Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը

Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից, 25 օր հացադուլ հայտարարած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Բիլյանն այսօր տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց և այնտեղ էլ իր դիմում համաձայն դադարեցրել է հացադուլը:

Ըստ քրեակատարողական վարչության՝ Բիլյանի վիճակը գնահատվում է բավարար, և նա գտնվում է պատշաճ հսկողության ներքո:

Զինված խմբի մեկ այլ անդամ Սմբատ Բարսեղյանը, որը հացադուլի մեջ է դեկտեմբերի 21-ից, դեռ շարունակում է բողոքի ծայրահեղ այս ակցիան։

Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը փոխանցեց, որ դատապարտյալների հիվանդանոցում կարողացել է մի քանի րոպեով տեսակցել իր պաշտպանյալին։ Հացադուլից դուրս գալու պատճառների մասին Բիլյանը ոչինչ չի ասել: Ֆանյանը տեղեկացել է միայն, որ նա երեկ բանտում ուշագնաց է եղել, ինչից հետո էլ որոշել են նրան տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։

Հիշեցնեմ՝ 2016-ի հուլիսի 17-ին ոստիկանության գնդի գրավման գործով մեղադրվող Բիլյանը դեկտեմբերի 19-ից հացադուլ սկսեց՝ պահանջելով իրեն Նուբարաշենի բանտից տեղափոխել համեմատաբար լավ պայմաններ ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Նրա փաստաբան Արմինե Ֆանյանը հայտարարել էր, որ նա առողջական խնդիրներ ունի, և քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու մասին իրենց խնդրանքը Քրեակատարողական վարչությունը մերժել է։

Պաշտպանը նաև նշել էր, որ Արմեն Բիլյանը Նուբարաշենում պահվում է գերբնակեցված խցում, որտեղ տարրական պայմաններ չկան, և դա է պատճառը, որ ուզում է տեղափոխվել Արմավիրի բանտ։

Պաշտպանն այսօր կրկին պնդեց Արմավիրի բանտ տեղափոխվելու անհրաժեշտությունը․ - «Խոսքը վերաբերվում է էլեմենտար խցային պայմաններին: Խցային պայմաններին, որոնք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ուղղակի արժանապատվությունը նվաստացնող են: Այնտեղ մարդիկ կան, որ հերթով են քնում: Եվ կարծում եմ, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ»:

«Սոս Արմեն Բիլանին և Սմբատ Բարսեղյանին» նախաձեռնության անդամները, «Սասնա ծռերի» փաստաբաններն ու իրավապաշտպանները այսօր ավելի վաղ հրավիրած ասուլիսում պնդեցին, որ թե՛ Բիյանի, թե՛ Սմբատ Բարսեղյանի կյանքին վտանգ է սպառնում։

Փաստաբան, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը քննադատեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ով երեկ «Սասնա ծռերի» աջակիցների հետ հանդիպմանն ասել էր, թե չի կարող կատարել հացադուլավորների պահանջը։ Կարապետյանցը կրկին պնդեց, որ իշխանությունները փորձում են հաշվեհարդար տեսնել «Սասնա ծռերի» այս երկու անդամների հետ, քանի որ նրանք մեղադրվում են նաև ոստիկանների սպանության մեջ։

Կարապետյանցը ընդգծեց, որ Նուբարաշենի բանտը «անմարդկային պայմաններ ունի, և այնտեղ գտնվելն արդեն խոշտանգում է»․ - «Դա էն քրեակատարողական հիմնարկն է, որտեղ պատերը թաց են, հատակը թաց է, չկա կանալիզացիա, ժամով են տալիս ջուրը։ Ուղղակի հայտարարել, որ դա նորմալ է, ու նույնն են պայմանները, դա ցինիզմ է: Եվ ինձ համար բացարձակ անընդունելի է երեկ օմբուդսմենի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունը․․․ Եղբայր, 25 օր է, էդ մարդը հացադուլի մեջ է: Լավ, քո մեջից արդարադատության փոխնախարարի կեցվածքը, էությունը դուրս չի՞ եկել»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ «Սասնա ծռերի» այս երկու անդամները իշխանության կողմից Նուբարաշենի բանտի քրեական տարրերի միջոցով ճնշումներին են ենթարկվում, և հենց դա է պատճառը, որ ցանկանում են տեղափոխվել Արմավիրի բանտ․ - «Ներսում քրեական տարրերի մանկլավիկների, գործիքների միջոցով մարդկանց վրա ճնշում գործադրելը: Այո, սա նպատակային արվում է մարդկանց նկատմամբ լրացուցիչ պատժիչ գործողություն կատարելու, քանի որ նրանք մեղադրվում են, կամ նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ոստիկանների սպանության մեջ»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ընդգծեց, թե մոտ մեկ ամիս սննդից հրաժարված Բիլյանի և Բարսեղյանի համար պատասխանատվություն են կրում թե՛ օմբուդսմենը, թե՛ Արդարադատության նախարարությունը․ - «Չեն կարողանում մարսել իրենց անզորությունը, որ չեն կարողացել մի հատ գունդ հսկել: Որ կարելի է մտնել, այդ գունդը գրավել: Այդ գունդը գրավեց «Հաց բերողը»՝ միայնակ: Նույնիսկ մեկ մարդու դեմը փաստորեն չէին կարողանում առնել: Մենք մեկ անգամ չենք լսել, որ իշխանությունը ինքը վատ զգա իր անկարողության [համար]»:

«Սասնա ծռերի» գործով փաստաբան Մուշեղ Շուշանյանը մտահոգություն հայտնեց, որ դատապարտյալների հիվանդանոցում պատշաճ բուժում չեն իրականացնում։ Շուշանյանն ասաց, որ այնտեղ չկան բավարար բժշկական միջոցներ՝ հիշեցնելով «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող, 10 ամիս առաջ տևական հացադուլից հետո մահացած «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի դեպքը․ - «Դատապարտյալների հիվանդանոցում էլի անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են: Երբ որ դա կոչվում ա հիվանդանոց, էնտեղ հիվանդանոցի ընդհանրապես ոչ մի բան չկա»:

«Սասնա ծռեր» զինված խումբը, 2016-ի հուլիսի 17-ին գրավեց Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական ներկայացնել, ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և զիջումներ չանել Ղարաբաղի հարցում։ 31 հոգանոց զինված խումբը 15 օր շարունակ գրաված պահեց ոստիկանության գնդի տարածքը։ Այդ ընթացքում երեք ոստիկան մահացավ։ Ոստիկաններ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում են Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։