ՄԻԵԴ-ը բավարարեց նախկին ընդդիմադիր, ներկայումս Դանիայում ՀՀ դեսպան Արզումանյանի՝ Հայաստանի դեմ ներկայացրած հայցը

Ալեքսանդր Արզումանյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է Հայաստանի դեմ ներկայացրած հայցի գործով դատը, և այժմ պետական բյուջեից ՀՀ կառավարությունը Արզումանյանին պետք է վճարի 2,5 հազար եվրո: Ստեղծվել է թերևս աննախադեպ մի իրավիճակ, երբ իշխանությունը պետք է փոխհատուցում վճարի երբեմնի ընդդիմադիր գործչի իրավունքների ոտնահարման համար, որին հետագայում նշանակել է դեսպան:

Դատարանի այսօր հրապարակած վճռում կարդում ենք․ «Գործն առնչվում է [Հայաստանի] նախկին արտգործնախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի կալանավորմանը՝ փողերի լվացման համար: Հայցվորը՝ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել է 2007 թ․ մայիսին և կալանավորվել: Դատարանը որոշում է կայացրել նրա կալանավորման մասին՝ հիմք ընդունելով հանցագործության ծանրությունը, նրա թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու կամ վերստին հանցագործություն գործելու ռիսկը:

Չնայած Արզումանյանի առարկություններին, դատարանն այնուհետև մի քանի անգամ նույն հիմքով երկարաձգել է նրա կալանքի ժամկետը, մինչև ազատ արձակումը սեպտեմբերին, պայմանով, որ նա չի լքելու իր բնակության վայրը: Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Արզումանյանը գանգատ է ներկայացրել առ այն, որ տեղական դատարանները ձախողվել են իր կալանավորումը բավարար ծավալով հիմնավորելու հարցում»:

ՄԻԵԴ-ի որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն, Ալեքսանդր Արզումանյանի պարագայում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի, յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ անհապաղ պետք է կանգնի դատարանի առջև, և նրա գործով խելամիտ ժամկետում պետք է դատաքննություն իրականացվի: Նույն կետի համաձայն, ձերբակալված կամ կալանավորված անձը մինչև դատավարության մեկնարկն ազատ արձակվելու իրավունք ունի, պայմանով, որ երաշխավորված է անհրաժեշտության դեպքում նրա՝ դատարան ներկայանալը:

ՄԻԵԴ-ը վճռել է՝ պարտավորեցնել Հայաստանի կառավարությանը՝ 2000 եվրո վճարել Ալեքսանդր Արզումանյանին, որպես բարոյական վնասի փոխհատուցում ու ևս 500 եվրո՝ նրա կողմից արված ծախսերի դիմաց: «Ազատությունն» այսօր դիմեց Արզումանյանին՝ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, սակայն Դանիայում Հայաստանի դեսպանը չարձագանքեց:

2006 թվականին ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Արզումանյանն ու մի խումբ համախոհներ հիմնեցին «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը: Արդեն հաջորդ տարի՝ 2007-ին Արզումանյանն ակտիվորեն ներգրավվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական քարոզարշավի աշխատանքներում, ում օրոք՝ 1996-1998 թ․թ․ հանդիսացել է Հայաստանի արտգործնախարարը: Այդ պաշտոնից նա հեռացավ նախագահ Տեր-Պետրոսյանի պաշտոնանկությունից անմիջապես հետո:

Որոշ ժամանակ անց հեռանալով Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսից», Արզումանյանը 2013 թ․ հոկտեմբերին Արարատ Զուրաբյանի, Կարապետ Ռուբինյանի և Հովհաննես Իգիթյանի հետ վերականգնեց «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը՝ շարունակելով ընդդիմադիր գործունեությունը:

Անցած տարվա փետրվարին Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ լքել է ՀՀՇ-ն՝ պատճառաբանելով, թե վաղուց էր մտորում կուսակցական գործունեությունից հրաժարվելու մասին: Իր այդ հայտարարությունից մոտ հինգ ամիս անց՝ 2017 թ․ հուլիսին, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալեքսանդր Արզումանյանը նշանակվեց Դանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: