«Սասնա ծռերի» աջակիցները մի քանի րոպեով փակել էին Երևանի Մաշտոցի պողոտան

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով մեղադրվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակով մտահոգ ցուցարարներն այսօր մի քանի րոպեով փակեցին Երևանի Մաշտոցի պողոտան:

Ցուցարարների այս գործողությանը նախորդել էր նրանց հանդիպումը Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանի հետ: Թաթոյանը հայտարարել էր, որ օրեր շարունակ հացադուլի մեջ գտնվող Բիլյանի և Բարսեղյանի առողջական վիճակի խնդիրը գտնվում է իր աշխատակազմի ուշադրության կենտրոնում, պարզաբանումների համար դիմել են նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, սակայն առայժմ պատասխան չեն ստացել: Օմբուդսմենի այս պարզաբանումը հարուցեց հացադուլավորների աջակիցների զայրույթը, ովքեր ՄԻՊ գրասենյակից ոչ հեռու՝ Պուշկին – Մաշտոց խաչմերուկի մոտակայքում կարճ ժամանակով փակեցին պողոտան, սակայն ոստիկանների գործողությունների արդյունքում պողոտան կարճ ժամանակ անց բացվեց:

Հիշեցնենք՝ Արմեն Բիլյանը դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից հացադուլ են հայտարարել և բողոքի ծայրահեղ այս քայլով պահանջում են իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել ավելի լավ պայմաններ ունեցող Արմավիրի բանտ։

«Սասնա ծռեր» զինված խումբը, 2016-ի հուլիսի 17-ին գրավեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական ներկայացնել, ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և զիջումներ չանել Ղարաբաղի հարցում։ 31 հոգանոց զինված խումբը 15 օր շարունակ գրաված պահեց ոստիկանության գնդի տարածքը։ Այդ ընթացքում երեք ոստիկան մահացավ։ Ոստիկաններ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում են հացադուլ հայտարարած Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։