Պուտինի վարկանիշն աճել է, հասնելով 57,7 տոկոսի․ ВЦИОМ

արխիվ

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) այսօր հրապարակած տվյալների համաձայն, նախագահ Պուտինի վարկանիշն անցած դեկտեմբերին աճել է՝ հասնելով 57,7 տոկոսի:

Ընդ որում՝ ՌԴ նախագահի գործունեությունը շարունակում են դրական գնահատել հարցվածների շուրջ 83 տոկոսը: Վարկանիշային սանդղակում երկրորդ տեղն է զբաղեցնում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն․ նրան վստահում է հարցվածների 18 տոկոսը: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը երրորդ տեղում է՝ 13,3 տոկոսի հասնող վարկանիշով:

Առաջիկա մարտին կայանալիք նախագահական ընտրություններում Ռուսաստանի կոմունիստների առաջադրած թեկնածու, միլիոնատեր Պավել Գրուդինինին վստահություն է հայտնել հարցվածների 3 տոկոսը: Հաշվի առնելով հանգամանքը, որ ընդամենը մեկ ամիս առաջ նրա անունը ռուսաստանցիներն հայտնի չէր, դա ոչ վատ ցուցանիշ է համարվում, և, ըստ դիտորդների, մինչև ընտրությունների օրը կարող է աճել։ Ավելին՝ կուսակցությունների վարկանիշային աղյուսակում ՌԴ Կոմկուսն առաջ է անցել Վլադիմիր Ժիրինովսկու ЛДПР կուսակցությունից՝ արժանանալով հարցվածների 11 տոկոսի վստահությանը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը՝ վստահության 51 տոկոսի հասնող վարկանիշով։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի համաձայն, Վլադիմիր Ժիրինովսկիին չի վստահում հարցվածների 29, վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակին՝ 14-ական տոկոսը:

Ռուսաստանյան ընդդիմադիրները, սակայն, չեն վստահում ВЦИОМ-ի հրապարակած տվյալներին, պնդելով, թե գործող նախագահ Վլադիմիր Պուտինի իրական վարկանիշը չի կարող այդչափ բարձր լինել: Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին: