Բրյուսելում իրանցիները բողոքի ցույց են անցկացրել Իրանի արտգործնախարարի այցի դեմ

Այսօր Բելգիայի մայրաքաղաքում տասնյակ իրանցիներ բողոքի ցույց են անցկացրել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին Բրյուսել հրավիրելու դեմ: Նրանք հայտարարել են, որ Եվրամիությունը պետք է դատապարտի Թեհրանին` խաղաղ ցուցարարների դեմ կատարած ճնշումների համար: Նրանք ասել են, որ Մոհամադ Զարիֆին Բրյուսել հրավիրելը "վատ ուղերձ" է Իրանի ժողովրդին, որոնք ակնկալում էին Եվրամիության աջակցությունը:

Իրանի արտգործնախարարին Բրյուսել է հրավիրել Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագրերի համաձայնությունների ընթացքը:

Ավելի վաղ, Գերմանիայի արտգործնախարարն ասել էր, որ Զարիֆի հետ քննարկվելու է Իրանում հակակառավարական ցույցերի թեման:

Ակնկալվում է, որ Մոհամադ Զարիֆը Բրյուսելում բանակցություններ կվարի հունվարի 11-ին: