Վարչապետը վստահ է՝ մեղավորները կկրեն իրենց պատիժը

Հունվարի 8-ի ավտովթարի դեպքով հարուցված է քրեկան գործ, որը գտնվում է համապատասխան մարմինների իրավասության շրջանակում, իսկ գործադիր իշխանությունն այդ գործընթացին միջամտելու լիազորություն կամ իրավասություն չունի։ Այդ մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց վարչապետի խոսնակ Արամ Արարատյան։

«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավարության հետ և հանձնարարել, որպեսզի Սարգիս Վարդանյանն իր կատարած արարքի համար օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի։

Խոսնակն ասաց, որ վարչապետը՝ գտնվելով կարճատև արձակուրդում, բնականաբար, շարունակում է հետևել երկրում տեղի ունեցող իրադարձություններին և տեղյակ է ավտովթարի մանրամասներին։

«Վարչապետը վստահ է, որ պատկան մարմինները կկատարեն օրենքով սահմանված իրենց պարտականությունները, որի արդյունքում բոլոր մեղավորները կկրեն իրենց հասանելիք պատիժը», - ասաց Արարատյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 8-ի գիշերը ծառայություն իրականացնելիս ավտովթարի արդյունքում զոհվեցին երկու ոստիկաններ՝ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյանը:

Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների, ողբերգական ավտովթարի մասնակից BMW X6-ի վարորդ 25-ամյա Սարգիս Վարդանյանը, ով ավելի շատ հայտնի է «Ճըվճըվ Արոյի որդի» անունով՝ գերազանցելով արագությունը, բախվել է ոստիկանական ավտոմեքենային, նա նաև չի ունեցել վարորդական իրավունք:

Ձերբակալված Սարգիս Վարդանյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, նա առայժմ գտնվում է կասկածյալի կարգավիճակում։