«Եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես մեղմենք այդ հետևանքները», - այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը գնաճի թեմայով Կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչների հետ հրավիրած խորհրդակցությանը:
Ըստ նախագահականի տարածած հաղորդագրության, Սերժ Սարգսյանը Կառավարությանը հանձնարարել է առաջարկել գնաճի հետևանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարևոր ապրանքների համար, որոնք հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների հետևանքով թանկացել են: Չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է արվելու գնաճի հետևանքները մեղմելու համար, Սերժ Սարգսյանն ասել է, որ տարբերակները կքննարկվեն տարվա երկրորդ կեսին: Այնինչ նրա պաշտոնավորումը նախագահականում ավարտվում է երեք ամսից՝ ապրիլի 9-ին:
«Պետք են, իհարկե, հավաստիացումներ, բայց ոչ խոսքերով, այլ նաև գործով, որ բյուջեով նախատեսված բոլոր եկամուտները հավաքագրվելու են: Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, իսկ դուք վստահ եմ, ինձնից ավելի սրատես եք այս հարցերում», - նշել է Սարգսյանը:
Միաժամանակ, սակայն, Բաղրամյան 26 եկած պաշտոնյաներին նախագահն ինքն է հիշեցրել դեկտեմբերյան իր հարցազրույցը, երբ նշել էր, թե գնային տատանումները պայմանավորված են միջազգային շուկաներով:
«Հայաստանում շուկայական հարաբերություններ են գործում, և պետությունը չի միջամտում գնագոյացման պրոցեսներին, բայց մենք նախ պարտավորություն ունենք միջավայր ձևավորելու՝ մրցակցային միջավայր, որը երևի հիմնական գործոններից մեկն է գների արդարացի կարգավորման գործում: Երկրորդ՝ մենք ունենք ամբողջական գործիքակազմ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների գործունեությունը ուսումնասիրելու: Եվ երրորդ՝ մենք ունենք բազմաթիվ լծակներ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության պատճառ», - ասել է նա:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է վառելիքի շուկայում վերջին օրերի թանկացումներին՝ Կառավարությանը հանձնարարելով մշտադիտարկում իրականացնել սեղմված գազի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում և հայտնաբերված խնդիրները փոխանցել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կտրուկ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Հակամենաշնորհային այս կառույցին էլ հանձնարարվել է ուսումնասիրել հացահատիկի և ալյուրի շուկաներում գնագոյացումը և խնդիրներ հայտնաբերելու դեպքում առաջարկություններ ներկայացնել:
Հիշեցնենք, Regular տեսակի բենզինը նախկին 390 դրամի փոխարեն տոնական օրերից արդեն վաճառվում է 430 դրամով, գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքը՝ 390-ից հասել է 440 դրամի, 30-ից 40 դրամով էլ թանկացել է ավտոմեքենաների լիցքավորման գազը:
Ընդդիմադիր «Ելք» դաշինքը հաջորդ ուրբաթ բողոքի ակցիա է անցկացնելու ընդդեմ թանկացումների՝ պնդելով, թե դրանք ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։ Սերժ Սարգսյանն այսօր չի անդրադարձել հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններին, որոնք հարվածում են 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների գրպանին: