Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Հայաստանի առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ՖԱ «Լոռի Վանաձոր» - ՖԱ «Էրեբունի» հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2017-ի դեկտեմբերի 14-ին դիմել է կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ նշելով, որ նոյեմբերի 20-ին կայացել է ՖԱ «Լոռի Վանաձոր» - ՖԱ «Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է 5:0 հաշվով: «Հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈւԵՖԱ-ի կողմից, որում մանրամասն վերլուծության են ենթարկվել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները, ինչի արդյունքում կասկածներ են առաջացել, որ, մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով, հնարավոր է՝ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել է կաշառք ստանալու առաջարկ», - ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ դեկտեմբերի 15-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի («Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը») 1-ին և 3-րդ մասերով, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու նպատակով: Հունվարի 8-ին քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նույն օրն այն ընդունվել է վարույթ:
«Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հանդիպման բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ», - փոխանցում է Քննչական կոմիտեն: