«Ոստիկանությունը միշտ կոնկրետ էս վիժվածքներին պատժել է». Հունան Պողոսյան

Հունան Պողոսյան, արխիվ

Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը վստահեցնում է՝ ոստիկանությունը մշտապես պատասխանատվության է ենթարկել խախտումներ կատարած անձանց և հետևաբար ոստիկանությանը չպետք է որևէ բանում մեղադրել:

Հունան Պողոսյանը համաձայն չէ նաև ոստիկանությանը հասցեագրվող այն մեղադրանքների հետ, որ, եթե ժամանակին իրավախախտումներ կատարած անձինք պատասխանատվության ենթարկվեին, ապա վարորդական իրավունք չունեցող անձի մասնակցությամբ ավտովթարի արդյունքում երկու ոստիկաններ չէին զոհվի։

Պողոսյան. - Հասարակությունում վխտող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը և շարունակում է պատժել ու շարունակելու է։

«Ազատություն». - Դուք չե՞ք ընդունում այն մեղադրանքը, որ նաև իրավապահ մարմիններն ունեն այստեղ մեղավորություն, որ այդ անձինք առանց վարորդական իրավունքի շարունակել են մեքենա վարել։

Պողոսյան. - Իրավապահ մարմինների մեղքի վերաբերյալ ես գնահատական տալու իրավասություն չունեմ։ Ես ոստիկանության մասով ասել և ասում եմ՝ ոստիկանությունը հստակ մեղքի բաժին չի ունեցել, բարձրացրեք նախկին տարիներին կատարված վարչական միջադեպերը, քրեական դեպքերը, միշտ ոստիկանությունը կոնկրետ էս վիժվածքներին պատժել է, և շատ հաճախ լրատվամիջոցները, ես չեմ ուզում կոնկրետ որևէ մեկին մեղադրել, բայց հիշում եմ, որ լրատվամիջոցներից ոմանք սրանց նույնիսկ պաշտպանում էին։

«Ազատություն». - Այսինքն՝ անպատիժ չե՞ն մնացել այս երկու անձինք։

Պողոսյան. - Ես չգիտեմ՝ անպատիժ մնացել են, թե՞՝ չեն մնացել, չգիտեմ, մեղավորներ եք հիմա ման գալիս, ժամանակին, որ օբյեկտիվ լինեիք նաև դուք և գնահատեիք ոստիկանության աշխատանքը, մասնավորապես, նման բացիլներին վնասազերծելու աշխատանքը, իրենց չծափահարեիք կամ չպաշտպանեիք, այսօր չէինք ունենա էս երկու զոհը, ընդամենը սա։

«Ազատություն». - Պարոն Պողոսյան, այդ դեպքում​ ինչո՞ւ էին նրանք անարգել առանց վարորդական իրավունքի երթևեկում, բազմաթիվ այլ նման միջադեպեր եղան։

Պողոսյան. - Դուք գիտե՞ք, թե Հայաստանի Հանրապետությունում քանի վարորդ կա և նրանցից քանիսն են հենց հիմա փողոցում վարում իրենց մեքենաները՝ ոմանք վարորդական իրավունքներ չունենալով։

Հիշեցնենք՝ հունվարի 8-ի գիշերը ծառայություն իրականացնելիս ավտովթարի արդյունքում զոհվեցին երկու ոստիկաններ՝ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյանը:

Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների, ողբերգական ավտովթարի մասնակից BMW X6-ի վարորդ 25-ամյա Սարգիս Վարդանյանը, ով ավելի շատ հայտնի է «Ճըվճըվ Արոյի որդի» անունով՝ գերազանցելով արագությունը, բախվել է ոստիկանական ավտոմեքենային, նա նաև չի ունեցել վարորդական իրավունք:

Ձերբակալված Սարգիս Վարդանյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, նա առայժմ գտնվում է կասկածյալի կարգավիճակում։

Ի դեպ, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է կարճատև արձակուրդում, հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավարության հետ և հանձնարարել, որպեսզի Սարգիս Վարդանյանն իր կատարած արարքի համար օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի։

Կարեն Կարապետյան, արխիվ

«Ազատության» հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը հերքեց այս տեղեկությունը։

«Տվյալ պարագայում ես Ձեր կողմից վկայակոչված լուրերը կվերցնեի չակերտների մեջ», - ասաց Քննչական կոմիտեի խոսնակը։

Ճշտող հարցին, թե հերքո՞ւմ է մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը զանգահարել է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին և հորդորել օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել այդ վթարում ներգրավված անձնավորությանը, Տռուզյանը պատասխանեց. - «Ասեկոսեներին անդրադառնալը կամ հերքելը անշնորհակալ գործ է»։

Սոնա Տռուզյան, արխիվ

Քննչական կոմիտեի խոսնակը նաև հավելեց, որ որևէ մեկը չի կարող միջամտել կոմիտեի գործողություններին։

Վկայակոչելով Քննչական կոմիտեի մասին օրենքը՝ Տռուզայանն ասաց, որ Քննչական կոմիտեի ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն օրենքին և նրա լիազորությունների իրականացմանը միջամտելն արգելվում է։

​Նկատենք, ըստ մամուլի, վարչապետն ու ավտովթարի մասնակից դարձած երիտասարդի պապը, ում միջնորդությամբ թոռները մշտապես կարողացել են խուսափել քրեական պատասխանատվությունից, «ընկերական հարաբերություններ ունեն»։

Սարգիս Վարդանյան, արխիվ

Վարչապետը վստահ է՝ մեղավորները կկրեն իրենց պատիժը

Հունվարի 8-ի ավտովթարի դեպքով հարուցված է քրեկան գործ, որը գտնվում է համապատասխան մարմինների իրավասության շրջանակում, իսկ գործադիր իշխանությունն այդ գործընթացին միջամտելու լիազորություն կամ իրավասություն չունի։ Այդ մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց վարչապետի խոսնակ Արամ Արարատյան։

«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավարության հետ և հանձնարարել, որպեսզի Սարգիս Վարդանյանն իր կատարած արարքի համար օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի։

Խոսնակն ասաց, որ վարչապետը՝ գտնվելով կարճատև արձակուրդում, բնականաբար, շարունակում է հետևել երկրում տեղի ունեցող իրադարձություններին և տեղյակ է ավտովթարի մանրամասներին։

«Վարչապետը վստահ է, որ պատկան մարմինները կկատարեն օրենքով սահմանված իրենց պարտականությունները, որի արդյունքում բոլոր մեղավորները կկրեն իրենց հասանելիք պատիժը», - ասաց Արարատյանը: