Պաշտոնական Բեռլինը նախազգուշացրել է Թեհրանին՝ չլրտեսել Իսրայելի հետ սերտ կապեր ունեցող խմբերի և անհատների: Այս մասին տեղեկությունները զանգվածային լրատվամիջոցներում հայտնվեցին երեկ, սակայն գերմանական կողմի հաղորդմամբ՝ Իրանի դեսպանին զգուշացրել են դեռ դեկտեմբերի 22-ին:
Նախազգուշացման առիթ է հանդիսացել պակիստանցի Մուստաֆա Հայդար Սյեդ-Նաքֆիի հայտարարությունը, թե Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար տեղեկություններ է հավաքել Գերմանիա-Իսրայել բարեկամության խմբի նախկին ղեկավարի և տնտեսագիտության մի պրոֆեսորի մասին, ով աշխատում էր Փարիզում: Իրանի համար լրտեսելու մեղադրանքով պակիստանցին Գերմանիայում դատապարտվել է: Նա բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է բողոքը:
Գերմանական կողմը հայտարարել է, որ Իսրայելին լրտեսելը «բացասական հետևանքներ կունենա գերմանա-իրանական երկկողմ հարաբերությունների համար»:
Գերմանիայի ներքին հետախուզության ծառայությունը Իրանի լրտեսական գործունեության մասին հայտարարել էր անցյալ տարվա հուլիսին իր տարեկան զեկույցում՝ ընդգծելով, որ Իրանը հիմնականում կենտրոնացած է Իսրայելի և հրեամետ թիրախների վրա: