ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին գլխավոր ստրատեգ Սթիվ Բենոնը թողնում է Breitbart News Network աջակողմյան հայացքներով լրատվական ռեսուրսի գործադիր տնօրենի պաշտոնը: Լրատվական կայքը այս մասին հայտարարել է երեկ, երբ հայտնի է դարձել, որ վերջերս լույս տեսած՝ «Հուր և ցասում․ Թրամփի Սպիտակ տան ներսում» վերնագրված գրքում Թրամփի ավագ որդու, նախագահական ընտրարշավի անդամների և ռուսաստանցի փաստաբանի 2016-ին կայացած հանդիպումը Բենոնը նկարագրել է որպես «ոչ-հայրենասիրական» և «դավաճանական»:
Բենոնը ավելի վաղ հայտարարել էր, որ իր մեկնաբանությունները ուղղված են եղել Թրամփի նախագահական արշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին, ոչ թե Թրամփի որդուն:
ԱՄՆ-ի Սենատը, Ներկայացուցիչների պալատը և Հետաքննությունների դաշնային բյուրոն շարունակում են քննել Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը 2016-ի ամերիկյան նախագահական ընտրություններին: Մոսկվան հերքում է նման միջամտությունը:
Բենոնը Թրամփի խորհրդականի պաշտոնից հրաժարական է տվել անցյալ տարվա օգոստոսին: