Պետք է քննարկման առարկա դառնա իշխանության քաղաքականությունը քրեական աշխարհի նկատմամբ. Իոաննիսյան

Հունվարի 8-ի գիշերը Երևանի Սայաթ-Նովա - Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով երկու ոստիկան մահացավ, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի, բազմաթիվ քննարկումների առարկա պետք է դառնա։

Քաղաքացիական ակտիվիստի խոսքով՝ նախ պետք է քննարկման առարկա դառնա իշխանության քաղաքականությունը քրեական, գողական աշխարհի նկատմամբ։

«Օրինակ, Վրաստանում, երբ տեղի ունեցավ «Վարդերի հեղափոխությունը», իրենք հետևողական պայքար սկսեցին՝ օրենսդրությունը փոխեցին, ինքնին օրենքով գող լինելը դարձավ քրեորեն հետապնդելի արարք, և իրապես բավականին փոփոխություն եղավ։ Հայաստանում, կարծես թե, նման տենդենցներ չկան, թե՛ օրենսդրության համապատասխան կարգավորումների առումով, թե՛ փաստացի իրավակիրառ պրակտիկայի առումով, կարծես թե, օրենքով գողերի կամ այդ քրեական աշխարհի նկատմամբ հետևողական պայքարը գոնե գոհացնող մակարդակի չէ», - ասաց Իոաննիսյանը։

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ այսօր այս վթարն այդ անպատժելիության մթնոլորտի հետևանքն է, կարո՞ղ ենք այդպիսի գնահատական տալ, Իոաննիսյանը պատասխանեց. - «Սա խնդիր է։ Այստեղ իմ կարծիքն այն է, որ ճանապարհային երթևեկության կանոնների հարգման տեսանկյունից, ամենամեծ խնդիրը դա հենց անպատժելիության, երբեմն դա տենց մեծ անպատժելիություն չի, երբեմն դա նենց չի, որ մարդ են սպանում ու չեն պատժվում, բայց այդ անպատժելիության մթնոլորտը հանգեցնում է ուրիշ խնդիրների։ Տեսե՛ք, երևի թե չեմ սխալվի, եթե ասեմ, որ Երևանում ամենաշատ ապօրինի կանգնած մեքենաներով խաչմերուկը, որ մտնում ես խաչմերուկ և տեսնում ես, որ այդտեղ օրինականություն չկա, դա Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկն է, որտեղ տեղակայված են Ազգային անվտանգության ծառայությունը, Քննչական կոմիտեի ստորաբաժանումներից մեկը, Ոստիկանության Երևանի վարչությունը, և այդտեղ ամենաշատ օրենքի խախտմամբ կանգնած մեքենաներն են։ Հիմա սովորական վարորդը, սովորական քաղաքացին ինքն ինչպե՞ս ընկալի ճանապարհային երթևեկության անվտանգությունը, ինքն ընկալում է, որ պետք է ուղղակի այնպես անել, որ չտուգանվես, եթե դու խախտում ես անում և չես տուգանվում, դա OK է։ Այսինքն՝ օրենքի գերակայություն գոյություն չունի։ Նույն ճանապարհային ոստիկանության պահով ընկալումը, որ վարչարարությունը, որ դա մահացությունը կամ ծանր հետևանքները նվազեցնելու նպատակ ունի, այդպիսի ընկալում չկա, որովհետև, ես կրկնում եմ, մարդիկ տեսնում են, որ իրավապահ մարմինների աշխատողները խախտում են երթևեկության կանոնները, և ասում են՝ «եթե իրանք խախտում են, ուրեմն մենք պետք է չխախտենք զուտ նրա համար, որ չտուգանվենք», որովհետև այստեղ ոչ մի ուրիշ հարց չկա, այ սա է խնդիրը»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.