Հունվարի 8-ի գիշերը Երևանի Սայաթ-Նովա - Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից BMW X6-ի վարորդ Սարգիս Վարդանյանը, ըստ Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, «խախտում անելու, արագ քշելու հակում ուներ»։
Սարգսյանի խոսքով՝ դեռևս որպես ոստիկանապետ իր պաշտոնավարման տարիներին՝ 2008-2011 թվականներին, ներկայումս 25-ամյա երիտասարդը մի քանի անգամ պատժվել է մեքենան արագ վարելու համար։
Ալիկ Սարգսյան. - Տվյալ անձնավորությանը դեռևս իմ ոստիկանապետ աշխատած տարիներից հիշում եմ, որ էլի խախտումներ եղել են մշտապես, էլի պատժվել է՝ մեքենան են տարել տուգանային հրապարակ և այլն, մի խոսքով, հիմա չեմ հիշում ներգործության ինչ միջոցներ են կիրառվել, ամեն դեպքում, հայտնի է եղել քաղաքում, որ խախտումներով մեքենա է վարում։
«Ազատություն». - Խոսքը ո՞ւմ մասին է։
Ալիկ Սարգսյան. - «Ճըվճըվ» ա, ինչ ա, չգիտեմ։ Ես իրանց անձամբ չեմ ճանաչում, իրանց երբեք չեմ տեսել, մի բան կարող եմ հիմա հաստատ ասել, որ երբ որ իրանց մեքենան տարել ենք, որևիցե մեկը, ոչ մի կերպ ինձ չի միջնորդել, չի խնդրել, որ ներողամիտ լինենք, կամ բաց թողնենք, կամ մեղմ վարվենք, որևիցե մեկն իրենց համար ինձ չի դիմել՝ ազնվորեն եմ ասում։
«Ազատություն». - Պարոն Սարգսյան, Դուք ասում եք, որ տվյալ անձը, ով հիմա ձերբակալված է, փաստորեն նախկինում էլ, նույնիսկ Ձեր պաշտոնավարման ժամանակ աչքի է ընկել խախտումներով։
Ալիկ Սարգսյան. - Հա, ակտիվ է եղել, ակտիվ է եղել, բազմաթիվ անգամ խախտումներ է արել։
«Ազատություն». - Ինչպիսի՞ խախտումներ էր անում։
Ալիկ Սարգսյան. - Մի անգամ մայթն էր փակել մեքենայով, ասել եմ՝ մեքենան տանեն տուգանային հրապարակ։ Մի անգամ կարմիր լույսի տակով է անցել, ես եմ նկատել, ասել եմ գան, տանեն։ Տենց դեպքեր եղել են, արագ էր քշում, էդ տղան տենց հակում ուներ արագ քշելու, խախտում անելու։ Ես իրան չեմ ճանաչում, ոչ էլ հորը, չեմ տեսել երբևիցե։
«Ազատություն». - Անգամ Դուք եք ականատես եղել, թե ինչպես է խախտում բոլոր կանոնները։
Ալիկ Սարգսյան. - Հա, մեկ-երկու անգամ ես նկատել եմ։
«Ազատություն». - Ինչո՞ւ նրան չզրկել վարորդական իրավունքից։
Ալիկ Սարգսյան. - Ես հիմա չեմ հիշում, գուցե իմ օրոք էլ են զրկել, ես հիմա չեմ հիշում, ինչ են արել, ուղղակի որ լսեցի էդ «Ճըվճըվ», ինչ-որ տենց բան լսեցի, ես հասկացա ում մասին է խոսքը։ Էդ տղան արագ քշելու հետ սեր ունի՝ արագ քշելու, խախտում անելու։ Որ պատժվել է արագ քշելու համար մեքենան տարվել է տուգանային հրապարակ, արձանագրություն է կազմվել, ըստ գործող օրենքի, այդ ամն ինչը, որ արվել է, ես ինչի համար եմ սա ասում, որ նույնիսկ մեկն իրանց համար չի միջնորդել, որևիցե մեկը չի խնդրել, ուզում եմ ասել նենց ազատության մեջ չեն եղել, իրենց նկատմամբ հատուկ ներողամտություն չի եղել, պարզ Ձեզ ասում եմ, նույնը կարծում եմ հիմա է, նրանք միշտ ուշադրության կենտրոնում են։ Էդ մեքենան ասում են պրակատի մեքենա է եղել, չգիտեմ մանրամասները, թի ինչո՞ւ է այդ մեքենան իր մոտ եղել, ինչո՞ւ է գիշերը ժամը 4-ին դրսում եղել, մանրամասներին ես չեմ տիրապետում։
«Ազատություն». - Պարոն Սարգսյան, ուզում եմ հասկանալ, Ձեր կարծիքով նորմա՞լ է, երբ տվյալ անձը պարբերաբար հայտնվել է ոստիկանության, անգամ ոստիկանապետի ուշադրության կենտրոնում իր կատարած խախտումների համար, բայց միևնույն է շարունակել է անարգել, նույն խախտումներով և այս անգամ արդեն մահացու ելքով։
Ալիկ Սարգսյան. - Աննորմալ է, բայց ես չեմ ուզում դա կապեմ անպատժելիության հետ, գոնե այս պարագայում։ Այ, եթե այդ տղային հարցնեք, լսեք իրեն մոտիկ մարդկանց, ծանոթներին, ընկերներին, կտեսնեք, որ այդ տղան ճանապարհային ոստիկանության կողմից բազմաթիվ անգամ պատժվել է, տարբեր խախտումների համար, իմ կարծիքով, ինչ-որ ես լսել եմ միշտ իրա հարցում։ Ինքը տենց խախտում անելու, արագ քշելու հետ սեր ուներ, մշտապես նա արագ է քշել։
«Ազատություն». - Ինչո՞ւ չի պատժվել։
Ալիկ Սարգսյան. - Ես չէի ասեի, որ չի պատժվել, ամեն դեպքում արագ քշելու համար չեն տարել դատի տվել էդ մարդուն, էդ տղային չէին տանելու ազատազրկման։
«Ազատություն». - Թող չազատազրկեին, բայց նրան զրկեին վարելու իրավունքից։
Ալիկ Սարգսյան. - Մի՞գուցե զրկված է, ինձ թվում է զրկված է, մի՞գուցե իմ ժամանակ էլ է զրկված եղել, ես մանրամասները չեմ հիշում, ուղղակի չեմ էլ կարա հիշեմ։ Հիմա չեմ էլ թաքցնում, որ էդ տղայի մասին լսել եմ, կարող էի ասել, որ ընդհանրապես չեմ էլ ճանաչում, բայց ուզում եմ, որ ճիշտ լինի այդ խոսակցությունը։ Ես գիտեմ, որ շատ ակտիվ է մեքենայի հետ կապված, տենց մարդիկ կան չէ՞, որ արագ են քշում, ի սկզբանե արագ են քշում, ուզում ես 1000 անգամ պատժի, մարդը, եթե սեր ունի խմիչքի հետ, խմում է։ Մի հատ զրկում են, հինգ տարի հետո նորից էլի վարորդական իրավունքը վերականգնում ա, նորից ա խմում, էդ մարդուն ես ի՞նչ ասեմ։
«Ազատություն». - Ասում եք, որ արագ քշելու համար իրեն չէին կարող ազատազրկել, այս անգամ ի՞նչ եք կարծում, քանի որ նա երկու ոստիկանի կյանք է խլել, հավատո՞ւմ եք, որ ի վերջո նա պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ։
Ալիկ Սարգսյան. - Գործի մանրամասներին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ քրեական գործ է հարուցված, Քննչական կոմիտեի վարույթում է, գիտեմ, որ քրեական գործի շրջանակներում փորձաքննություն կնշանակվի, նրա մեղքը որն է եղել, մանրամասն կներկայացվի, և, ըստ այդ, պատիժ կնախատեսվի։ Իհարկե, զոհ ունենք այսօր, ինչի՞ մասին է խոսքը, իսկ ո՞ր դեպքերում են մարդուն տենց պարգևատրում ու բաց թողնում։