Երկու ոստիկանի մահվան մեջ կասկածվող Սարգիս Վարդանյանը գերազանցել է արագությունը և վարորդական իրավունք չի ունեցել․ ՔԿ

Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների, հունվարի 8-ի գիշերը Երևանի Սայաթ-Նովա - Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից BMW X6-ի վարորդ Սարգիս Արայի Վարդանյանը գերազանցել է թույլատրված արագությունը և վարորդական իրավունք չի ունեցել:

Այսօր «Ազատության» հետ զրույցում կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը այլ մանրամասներ չնշեց:

Հարցին, թե արդյոք Քննչական կոմիտեն դիմելու է դատարան՝ ծառայությունն իրականացնող երկու ավտոտեսուչի մահվան մեջ դեռևս միայն կասկածվող ու երեկ երեկոյան ձերբակալված 25-ամյա Սարգիս Վարդանյանին կալանավորելու միջնոդությամբ, Տռուզյանը արձագանքեց, թե ձեռք բերված ապացույցների հիման վրա Վարդանյանին ձերբակալելուց հետո 72 ժամվա ընթացքում կկայացվի համապատասխան դատավարական որոշում, ինչի մասին կիրազեկեն:

Ուշագրավ է, որ ավտոտեսուչների մահվան կապակցությամբ Աղվան Հովսեփյանի գլխավորած իրավապահ մարմինը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի միայն երկու՝ 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:

Առաջինի պարագայում նշված է՝ «ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Իսկ 244-րդ հոդվածի ներքո գրված է՝ «ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կանոնները խախտած անձի կողմից» (պատժվում է առավելագույնը երկու տարի ժամկետով):

Արդյո՞ք ավտովթարի պահին Սարգիս Վարդանյանը եղել է անսթափ վիճակում․ ըստ Սոնբա Տռուզյանի, այս ու մի շարք այլ հարցերի պատասխանը կտրվի փորձաքննության արդյունքում: