«Ելքը» կփորձի բողոքի ակցիաներով կասեցնել նոր թանկացումների բացասական հետևանքները

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը «Ազատության» տաղավարում, 9-ը հունվարի, 2018 թ․

Իշխող ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խոսքով՝ թանկացումներ կան բոլոր երկրներում, իսկ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու ճիշտ ճանապարհը ոչ թե բողոքի ակցիաներն են, այլ «տնտեսական խելամիտ քաղաքականությունը»:

Ընդդիմադիր «Ելք» դաշինքը նախատեսում է հունվարի 19-ին բողոքի երթ կազմակերպել, որը կանցնի «Ո՛չ թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը» կարգախոսի ներքո:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ընգծում է՝ այս տարվա հունվարի 1-ից թանկացումները «նոր թափով են ծավալվում», ինչի հետևանքով ավելի է սրվելու «ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը», հետևաբար՝ իրենց նպատակն է կասեցնել այդ գործընթացը։

«Թանկացումների մեծ մասն ուժի մեջ մտավ հունվարի 1-ից, և բոլոր քաղաքացիներն արդեն հասցրել են բախվել այդ խնդրի հետ: Դա շատ կենսական խնդիր է, դա բոլոր քաղաքացիների առօրյայի, կենցաղի վրա անմիջականորեն ազդող խնդիր է և հուզում է բոլորին: Ես կարծում եմ՝ մեր նախաձեռնությունը ոչ միայն բնական է, այլև հրատապ է:

Երթը նախ պիտի ցույց տա, որ խոսքը զուտ 9 պատգամավորի կարծիք չէ, այլ սա հուզում է հասարակության շատ մեծ զանգվածների, և խնդիրն այդքան լուրջ է: Ունենալով այս ուժը՝ մենք կարող ենք և նախատեսում ենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և որոշակի շտկումներ անել, մասնավորապես, ակցիզային հարկի և եկամտային հարկի [մասին օրենքի] հետ կապված, որպեսզի [հարկման դրույքաչափը] վերադառնա նախկին սանդղակին, նախկին շեմին: Սա է ակնկալվող արդյունքը»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը:

Ըստ նրա, թանկացումներն «ուղիղ հետևանքն են» իշխանության կողմից տարիներ շարունակ վարվող քաղաքականության․ «Գնաճը տեղի է ունենում այն բանի հետևանքով, որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հանդուրժում են ՀՀԿ-ի իշխանությունը, որը բոլոր հարթություններում ձախողվել է, ոչ մի դրական տեղաշարժ այս մարդկանց տարբեր կառավարություններից և նախագահից չի լինում: Նրանց իշխանության արդյունքում ամեն ինչ այնքան վատ է, որ թվում էր՝ էլ վատանալու տեղ չկա, և ահա՝ նոր թանկացումներ, այն էլ չաճող աշխատավարձերի, չաճող թոշակների ու նպաստների պայմաններում»:

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը, որը ևս Ազգային ժողովում խիստ քննադատության է ենթարկել նոր Հարկային օրենսգիրքը, զգուշացնելով հնարավոր հետևանքների մասին, դեռ չի քննարկել «Ելքի» նախաձեռնած բողոքի ակցիային միանալու հնարավորությունը: Այս մասին «Ազատությանն» ասաց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: «Հարգում եմ ցանկացած քաղաքական ուժի որոշումը, գործելակերպը: Մենք, համենայն դեպս, այ պահի դրությամբ որևէ նման հարց չենք քննարկում»,- նշեց Մելքումյանը:

Ըստ նրա, եթե այս հարցում ավելի մեծ ակտիվություն լիներ մի քանի ամիս առաջ, հնարավոր է, որ սոցիալական վիճակը վատթարացնող այս Հարկային օրենսգիրքը չընդունվեր այն տեսքով, որով ընդունվել է․ «Ընդհանրապես՝ ավելի արդյունավետ եմ համարում, որ մենք մինչ այդ խոսեինք և ավելի կտրուկ: Միգուցե չպետք է թողնեինք, որ Ազգային ժողովում այդ տարբերակով Հարկային օրենսգիրքն անցներ, բայց եթե անցել է, ուրեմն պետք է փորձենք գնաճը զսպելու միջեցներ ձեռնարկել»: Իսկ հնարավո՞ր է, որ հենց «Ծառուկյան» դաշինքը բողոքի ցույցեր կազմակերպի գնաճի և թանկացումների դեմ: Այս հարցը ևս դաշինքում չեն քննարկել, սակայն, Մելքումյանի խոսքով՝ այժմ իրենք պետք է ճանապարհներ որոնեն՝ գնաճը կասեցնելու համար:

Իշխող ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խոսքով՝ թանկացումներ կան բոլոր երկրներում, իսկ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու ճիշտ ճանապարհը ոչ թե բողոքի ակցիաներն են, այլ տնտեսական խելամիտ քաղաքականությունը: «Նման հարցերը միտինգներով չեն լուծվում, դրա բուժումը բունտերը չեն, այլ խելացի, ճիշտ, խոհեմ տնտեսական քաղաքականությունը, որը հիմա իրականացվում է: Աշխատանքի արտադրողականության և արդյունավետության բարձրացում, աշխատատեղերի ավելացում: Մասնավոր հատվածում առաջին հերթին աշխատավարձերի բարձրացման շնոհիվ կլուծվեն այն հիմնական խնդիրները, որոնք մտահոգում են մեր ժողովրդին և պետությանը: Դա միայն ընդդիմությանը մտահոգող խնդիր չէ, դա մտահոգում է բոլորիս»,- ասաց Մելիքյանը:

Իսկ կլինի՞ հնարավորություն՝ 2018-ին ինդեքսավորել բյուջետային համակարգում ընդգրկվածների աշխատավարձերը, ինչպես առաջարկում է «Ծառուկյան» դաշինքը: Այս հարցին Գագիկ Մելիքյանը հակիրճ պատասխանեց՝ «չեմ կարծում»: